1in.am-ը գրում է.

Ազգային ժողովն այս աշնանային նստաշրջանում մի քանի կարևոր բացթողումներ է ունեցել՝ չի քննարկել կամ չքվեարկել մի շարք մարմինների՝ 2015թ. ծրագիրը կամ անցնող տարվա հաշվետվությունը: Որքան էլ զավեշտալի է, ԱԺ-ն չի քվեարկել ՎՊ-ի 2015թ. գործունեության ծրագիրը, այն դեպքում, երբ այն քննարկվել էր դեկտեմբերի 1-4-ի քառօրյա նիստերի ժամանակ: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ-ն պարզապես մոռացել է ծրագիրը դնել քվեարկության: Այն մի շարք այլ նախագծերի հետ միասին պետք է քվեարկվեր դեկտեմբերի 15-ին կառավարության առաջարկությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ժամանակ: Սակայն չի քվեարկվել՝ ամենայն հավանականությամբ մոռացության պատճառով:
Իզուր չէ, որ վերջին շրջանում անընդհատ հրապարակումներ կամ ակնարկներ էին լինում, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դարձել է շատ ցրված և որոշ բաներ շփոթում է: Թեև դա ավելի շուտ ԱԺ աշխատակազմի խնդիրն է, քանի որ ԱԺ նախագահն ու փոխնախագահները նիստը վարում են աշխատակազմից իրենց տրված՝ այսպես ասած սցենարի համաձայն: ԱԺ աշխատակազմը մոռացել է քվեարկվող նախագծերի ցանկում ընդգրկել նաև ՎՊ-ի ծրագիրը, այդ մասին չի հիշել նաև Գ.Սահակյանը: Ընդ որում՝ այդ մասին չեն հիշել արտահերթի երեք օրերին:
Իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն՝ տարեկան ծրագրերը նոր բյուջետային տարվա մեկնարկից 60 օր առաջ պետք է ներկայացվեն Ազգային ժողով: Այն իսկապես այդ ժամկետում՝ նոյեմբերի 3-ին ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, քննարկվել է, բայց, ինչպես ասացինք, չի քննարկվել: Այսինքն՝ ՎՊ-ն եկող տարի չունի ծրագիր, որով պետք է աշխատի: ԱԺ հաջորդ նիստը կամ գարնանային նստաշրջանի մեկնարկը տեղի կունենա 2015թ. փետրվարի 2-ին, եթե իհարկե, այս անգամ էլ չմոռանան: Եվ ՎՊ 2015թ. ծրագիրը կընդունվի ավելի քան մեկ ամիս ուշացումով: Մինչ այդ կառույցը հավանաբար կմնա անգործ:
Ընդ որում՝ ԱԺ-ն այս տարի չի քննարկել նաև ՎՊ-ի 2013թ. հաշվետվությունը: Մինչդեռ նախորդ տարիներին այն քննարկվում էր հաջորդ տարվա գարնանային նստաշրջանում: Ի դեպ՝ ՎՊ-ի 2015թ. ծրագիրը ԱԺ-ում ներկայացրեց ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը: Ամենայն հավանականությամբ, նախորդ անգամվա աղմկոտ քննարկումներից հետո Ի.Զաքարյանն այլևս խուսափում է հրապարակային հանդես գալուց:
ԱԺ-ն աշնանային նստաշրջանում չեն ներկայացվել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2015թ. գործունեության ծրագրերը: Այսինքն՝ այս երեք կարևոր կառույցները 2015թ. առնվազն հունվար ամսին գործունեության ծրագիր չեն ունենալու: Չքննարկվեց նաև ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հաշվետվության զեկույցը: Այս դեպքում էլ, հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել էր այդ հարցն ընդգրկել իր առաջարկով դեկտեմբերի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգ:
Իհարկե, ԱԺ աշնանային նստաշրջանը բավականին հագեցած էր: Խորհրդարանականների համար լրացուցիչ բեռ դարձավ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ու դրանից ենթադրվող բազմաթիվ օրենսդրական նախագծերի քննարկումը: Քննարկումներն ավարտին հասցնելու համար ԱԺ-ն մի քանի արտահերթ նստաշրջան ? Հավանաբար սա է պատճառը, որ ԱԺ-ն զլացավ քննարկել այս կառույցների գործունեության ծրագիրը:



