Magaghat.am-ը գրում է․
Գալյա Նովենցի հետ այս կարճ զրույցը, որ հրապարակվել է սրանից շուրջ 16 տարի առաջ, դերասանուհու ծննդյան 60-ամյա հոբելյանի առիթով էր: Զրուցում էինք Հ. Պարոնյանի անվան թատրոնի շենքում: Տպավորությունս Գալյա Նովենց մարդուց այնպիսին էր, կարծես վաղուց էի ճանաչում նրան. դա բխում էր նրա անմիջականությունից, անկեղծությունից, մի տեսակ՝ դիմացինի հետ «հասարակ» շփվելուց: Ո՛չ մի արհեստականություն, ո՛չ մի անթաքույց կամ թաքուն փքվածություն, ինչը հատուկ է մերօրյա ինքնահռչակ «աստղ-աստղիկներին»: Այնինչ, նա այն դերասանուհիներից էր, որ իր դերասանական «ձեռագրով», դերակատարման ոճով առանձնանում էր բոլորից, և նրան նմանակելն էլ անհնարին էր: Որովհետև անկեղծ էր և չէր խաղում բեմում ու կինոյում, ապրու՛մ էր, ապրում էր իր կյանքը: Այդուհանդերձ, ինչպես խոստովանեց մեր զրույցում, որպես կին, մայր՝ առաջնային էր համարում իր ընտանիքը և նվիրումն իր զավակներին ու գերդաստանին: Բայց ավելի լավ է՝ վերադառնանք 90-ականներ և լսենք Գալյա Նովենցին տարիների հեռավորությունից:
Հ. Սարգսյան
– «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Նահապետ», «Գիքոր», «Խնձորի այգին», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Հին օրերի երգը», «Մենք ենք, մեր սարերը». այս ֆիլմերում Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն է ամենահարազատը:
Գ. Նովենց.- Բոլոր դերերն էլ սրտիս հարազատ են: Դրանք իմ թանկագին, անմոռանալի զավակներն են: Իհարկե, առանձնահատուկ տեղ եմ տալիս Սիրանուշին՝ «Մեր մանկության տանգոյից», որովհետև այդ դերով ձեռք բերեցի ճանաչում, հեղինակություն, փառք: Եղան և մրցանակներ համամիութենական ու միջազգային փառատոններում՝ կնոջ լավագույն դերակատարման համար:
– Նոր դերակատարումներ լինելու՞ են, առջևում լույս կա՞:
Գ. Նովենց.- Առայժմ չկա, բայց ես հույսս չեմ կորցրել: Զբաղված եմ «Համազգային» թատրոնում: Հրավիրված եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում խաղալու Արիստոֆանեսի «Լիսիստրատեում»: Թատրոնն այս բեմադրությամբ կմասնակցի «Անտիկ թատրոն» նշանաբանով՝ Հայաստանում առաջին անգամ կայանալիք միջազգային փառատոնին:
– Կա՞ այնպիսի դեր, որ երազել եք կատարել, բայց բախտ չի վիճակվել:
Գ. Նովենց.- «Մեր մանկության տանգոյում» բոլոր այդ երազներս, բոլոր տարիների սպասումներս ի կատար ածվեցին: Սիրանուշը, ասես, եկավ, լրացրեց բաց թողած տարիները, իմ չխաղացած դերերը, Սիրանուշն ինձ փրկեց: Նրա կերպարն այնքան գունագեղ էր, կենդանի ու վառ, որ այդ դերն ուղղակի նվիրումով եմ կատարել:
– Երջանկության մասին երազող կնոջ հոգնության, դժգոհության, հուսահատ սիրո և դժբախտության զգացումի ժայթքումն է նաև Ձեր կերտած կերպարը: Այդ ժայթքումից հետո մարդը մաքրագործվում է, հանդարտվում: Այնքան կենդանի ու բնական է խաղը, որ թվում է՝ Ձեր ներքինն է ժայթքում:
Գ. Նովենց.- Անշուշտ: Տարիների ընթացքում մարդու մեջ կուտակումներ են առաջանում, և առիթ ու հնարավորություններ են պետք, որ ինքն ազատվի այդ կուտակումներից:
– Բնավորությամբ նմա՞ն եք Ձեր հերոսուհուն:
Գ. Նովենց.- Անտանելի բնավորություն ունեմ՝ շուտ հուսահատվող, կաթիլ ջրից խեղդվող, դժվարությամբ եմ ուրախանում, դժվար եմ ծիծաղում, թեև՝ վատատես չեմ: Ինձ ոչինչ հեշտությամբ չի տրվել. ուստի՝ թանկ է ուրախության ամեն մի պահը:
– Ի՞նչն է հիմա առանձնապես Ձեզ ուրախություն պատճառում:
Գ. Նովենց.- Ընտանիքս, թոռնիկներս: Իմ երազանքը, երջանկությունը, ուրախությունը՝ թոռներս են: Հիմա ես ուզում եմ նրանց համար ապրել, իմ օրն անցնի նրանց համար: Մնացածը երկրորդական է:
– Նաև թատրո՞նը:
Գ. Նովենց.- Թերևս պետք չէ հրապարակել, բայց՝ այո: