Երկու Հայաստանների ակնհայտ տարբերությունը ինձ համար երեկ շատ կոնկրետ դրսևորում ունեցավ: Մեծ կոնտրաստ կար իշխանական լրատվամիջոցների կողմից Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Հայաստանի ղեկավարների հանդիպման լուսաբանման և ժողովրդին ներկայացված բացարձակապես վարդագույն իրավիճակի և օրվա վերջում պարոն Ֆյուլեի հետ իմ հանդիպման տպավորությունների միջև:
Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան հանդիպեց խորհրդարանական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իմ տպավորությունը այդ հանդիպումից (սա տպավորություն է, ոչ թե նա բառերով է ասել) այն էր, որ նրա մոտ մեծ հիասթափություն և հոռետեսություն կա Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ: Նա անդրադարձավ մի քանի հարցի, որոնք խիստ մտահոգիչ են մեր բոլորի համար:
Ախ, ասաց, որ ինքը և՛ նախագահին, և՛ վարչապետին հստակ ասել է, որ Հայաստանը դոնոր երկրների համաժողովի և դրա արդյունքում մինչև 1 մլրդ եվրո հնարավոր դրամաշնորհի մասին մինչև նախագահական ընտրություններ չպետք է հույս ունենա, իսկ համաժողովի անցկացումը մեծապես կախված կլինի նախագահական ընտրությունների անցկացման որակից:
Երկրորդ, բարեփոխումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների ներկայիս տրամադրվածությունը, պատրաստակամությունը և կարողությունը հաշվի առնելով՝ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ նույնիսկ մինչև 2013թ. վերջը կկարողանա Եվրոպական Միության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը:
Ինչ խոսք, դոնորների համաժողովի արդյունքում ստացվելիք գումարը (որը ոչ թե վարկ է լինելու, այլ դրամաշնորհ) և ԵՄ անդամ երկրների հետ ազատ առևտրի և մարդկանց առավել ազատ տեղաշարժի հնարավորությունները անգնահատելի խթան կլինեին երկիրն այսօրվա տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար:
Սակայն, փաստորեն, իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան, եթե այդ բարեփոխումները խանգարում են վերարտադրությանը:
Մենք նման իրավիճակի ականատես եղանք, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում իրականացվելիք խոշորամասշտաբ ծրագրից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/494310633913465
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել