Ուժն է ծնում իրավունք, հարգելի եզդի եղբայրներ, անգամ ապրելու իրավունք, իսկ մնացածը բարձր ճառեր են: Երեկ ուրախալի լուր լսեցինք Իրաքից, որում ասվում էր, որ Իրաքի Քուրդիստանի եզդիաբնակ Շանգալ նահանգը մաքրվել է ԻՊ-ի խաժամուժից, իսկ նախորդ օրը հայտնի էր դարձել, որ քրդական Փեշմերգան ճեղքել է Սինջար լեռան պաշարումը և մարդասիրական միջանցք բացել այնտեղ ապաստանած տասնյակ հազարավոր եզդիների համար: Երբ ժամանակին Շանգալաբնակ եզդիները ենթարկվեցին հարձակման իսլամիստ ահաբեկիչների կողմից, եզդիներն օգնության կոչով դիմեցին ողջ աշխարհին, սական միջազգային կառույցները միայն դատապարտում էին, իսկ ԻՊ-ն բարձր մինարեթից թքած ունի դատապարտումների վրա. նրանք միայն ուժի լեզուն են հասկանում: Երևի թե առաջիններից էի, ով համարձակություն ունեցավ բարձրաձայն ասել մեր եզդի եղբայրներին, որ միայն զենքի դիմելով իրենք կփրկվեն՝ բերելով հայոց պատմության օրինակներ, երբ նույն միջազգային հանրությունը միայն դատապարտում էր, իսկ մենք՝ կոտորվում, բայց երբ զենք վերցրեցինք, փրկվեցինք, անգամ պետականություն կերտեցինք: Շատերն այն ժամանակ ինձ սխալ էին համարում: Այժմ տեսանք, որ իրոք, երբ եզդիները սրանից-նրանից օգնություն խնդրելը թողեցին, իրենք զենք վերցրեցին, կազմավորեցին ինքնապաշտպանական խմբեր, փրկվեցին: Ինքնապաշտպանվող եզդիներին արդեն այլ կերպ սկսեցին նայել քրդերը և եկան օգնության. օգնում են միայն նրան, ով ինքն իրեն է օգնում: Մնում է հայերի պես եզդիները նույնպես այդքան փորձություններից հետո կերտեն պետականություն կամ ամենաքիչը՝ ինքնավարություն, իսկ մենք օգնենք նրանց պետականաշինության գործում: Ինչևէ, աչքներս լույս լինի, մեր եղբայրները փրկված են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/388116624703302?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել