Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ամեն իր ուսումնասիրել շուկան և հետևել գնագոյացման գործընթացներին:
Թվում է, որ վարչապետի նման հանձնարարությունը բխում է ժողովրդի հանդեպ հոգատարությունից, երկրի ներքին շուկան կազմակերպված տեսնելու անհրաժեշտությունից: Ու սա ոգևորող նախաձեռնություն է: Սակայն, արդյո՞ք ուշացած չէր վարչապետի հանձնարարությունը, երբ անցած երեք օրվա ընթացքում շուկան արդեն ալեկոծվեց, փոթորկվեց, գների այնպիսի աճ գրանցվեց, որը ոչ միայն անհավանական էր, այլև ակնհայտորեն հուշում էր ներկրողների և մանրածախ առևտրով զբաղվողների գերշահույթներ ստանալու ցանկության մասին: Համաշխարհային տնտեսական փորձը ցույց է տալիս, որ երբեք կտրուկ բարձրացված գները չեն իջնում, կամ տեղի է ունենում գնանկման իմիտացիա:
Այսօր առավոտյան որևէ խանութում գնանկման որևէ միտում չէր նկատվում: Սա էլ կարող է օբյեկտիվ համարվել, քանզի առևտրով զբաղվողները կարող են պնդել, թե մանավանդ նպարեղենի շուկայում վերջին օրերին ձեռքբերումները եղել են դոլարային վճարներով: Հետևաբար, տնտեսվարողներն ամեն ինչ բացատրելու են վնասի տրամաբանությամբ:
Հիմա Արտակ Շաբոյանն ինչի՞ն է հետևելու: Արդեն հաստատված գների՞ն, թե՞ այն բանին, որպեսզի գնային նոր էսկալացիա չլինի: Իսկ այն չի լինի, որովհետև գնային թռիչքներն արդեն հաստատված են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/592141920890270?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել