Որքան էլ որ ծանր օրեր ենք ապրում ազգովի, որքան էլ որ կյանքի պայմաններն անտանելի են դառնում ժամ առ ժամ, այնուամենայնիվ, այս ամենի մեջ կա նաև հուսադրող մի բան, այն, որ փլուզվում է ռուսական չարիքի կայսրությունը, որի գաղութներից մեկն էլ, ցավոք սրտի, մենք՝ հայերս ենք: Գնալով լկտիացող Կրեմլի ու նրա մոլագար բռնակալ Պուտինի վարած քաղաքականության արդյունքում մարդկությանը հասցվող վտանգն ահագնացավ այն աստիճան, որ ամբողջ աշխարհը կտրուկ երես թեքեց նրանցից, մեկուսացրեց և մատնեց սնանկացման:
Մեկը մյուսի հետևից փլուզվող կայսրությունից փախչում են գերված ժողովուրդները՝ հասկանալով, որ վտանգված է իրենց ապագան: Մեր՝ հայերիս ճակատագիրը և ռուսական կայսրության կազմում հայտնվելն ունի մի փոքր այլ նրբերանգներ ու պատճառներ, դրա համար էլ ներկա իրավիճակում մենք չենք կարողանում մյուսների նման արագ և կողմնորոշիչ քայլեր ձեռնարկել: Սակայն, ուզենք թե չուզենք, դա անելու ենք՝ մանավադ գնալով սաստկացող քաղաքատնտեսական իրավիճակը «կօգնի» մեզ արագացնելու մեր անելիքները: Մեր ազգն ունի վտանգի վերջին պահերին համախմբվելու և աղետի տակից նվազագույն կորուստներով դուրս գալու հատկություն: Հիմա ճիշտ այդ պահն է՝ կամ խուսափել փլատակներից ժամ առաջ, կամ վատագույն դեպքում փլուզման պահին տակից արագ սողոսկել...
Հ.Գ. Դրամի արագ արժեզրկումը հսկայական դժվարություններ և խուճապ է առաջացրել մեր կյանքում, սակայն միաժամանակ հյուսիսում ավելի արագ արժեզրկվող ռուբլին կործանում է այն կայսրությունը, որը գերել է մեզ 300 տարի: Ճիշտ է, ցավը շատ է, դիմանալը՝ դժվար, սակայն սա այն ցավն է, երբ վերքը պայթում է, թարախը միջից թափվում, որից հետո ցավը հանգստանում է, և սկսվում ապաքինման շրջանը...