Հարգելիներս, որքան էլ մենք քննադատենք ու հայհոյենք մեր կառավարությանը, մեր Կենտրոնական բանկին, Ռուսաստանին և այլ կողմերի, որոնց ընդունված է քննադատել ու հայհոյել՝ դրամի փոխարժեքի այս անկման համար, բայց եկեք չմոռանանք, թե որոնք են այս վիճակի իրական սկզբնապատճառները։ Մեր տնտեսությունը հսկայական կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, ու եթե Ռուսաստանում ռուբլին տապալվում է, չի կարող դրամը հզորանալ։ Հիմա անցնենք առաջ. մի՞թե ռուբլին ինքն իրեն տապալվեց, իսկ ռուսական տնտեսությունն այս վիճակում ինքնաբերաբար հայտնվեց։ Իհարկե ոչ։ Դրա հիմնական պատճառը սանկցիաներն ու տնտեսական այն պատերազմն է, որ սանձարձակել է Արևմուտքը՝ ընդդեմ Ռուսաստանի։
Հիմա վերադառնանք մեր հավերին։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու նույն այն անհատներն ու ուժերը, ովքեր օրնիբուն քննադատում են Ռուսաստանի ցանկացած քայլ, որ վնասել կամ չի բխել Հայաստանի շահերից, թուր ու թվանքը ցած չեն դնում՝ ապացուցելու, որ մեր վիճակի ցանկացած վատ փոփոխության համար ռուսները պետք է պատասխան տան, այսօր մի բերան չեն ասում, բա լավ, այ սիրելի Միացյալ Նահանգներ, ռուսներն էդքան վատն են, դուք այդքան լավն եք, բա ինչի՞ եք այնպես անում, որ ձեր տուրուդմփոցից նաև փոքրներն են տուժում։ Հիմա կրա՞կն ենք ընկել, որ մեր Հայաստանը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է։ Ձեր պատճառով ռուսներից ոչ պակաս հայերս ենք տուժում։ Բա տենց ո՞նց կլինի։
Չեն ասում։ Չեն ասում, որովհետև այդ ասողների մեծ մասը թքած ունի Հայաստանի վրա էլ, մեր վիճակի վրա էլ։ Չեն ասում, որովհետև իրենց գալի մասի համար ռուսատյացությունը դարձել է կյանքի նպատակ, ու ճար ունենային, դինոզավրերի վերանալն էլ ռուսական գործոնով կբացատրեին։ Ու վերջապես, չեն ասում, որովհետև դրանց զգալի մասի բարեկեցությունը հիմնված է արևմտյան գրանտերի վրա, որոնք ի դեպ արտարժույթով են, ու թեև նրանց հոնորորները դրամով կարող են տրվել, բայց գրանտակերի աշխատավարձը հաշվարկվում է արտարժույթի փոխարժեքին համարժեք դրամով։ Դրա համար էլ իրենք օգտակարը համատեղում են պատվերի հետ։ Իրենց էլ հո ձե՞ռք է տալիս, որ իրենց ամսական մի քանի հարյուր կամ հազար դոլար կազմող թուլափայն ավելի շատ դրամի կոնվերտացման հնարավորություն ունենա։