ՀՀ ԱԺ պատգամավորները, կարևորագույն հարցերը թողած, ամբողջ օրը զբաղված են բառիս բուն իմաստով բամբասանքով: Շատ հետաքրքիր է, եթե օրինակ այս կամ այն պաշտոնյային գործից հանեն, դրանից ի՞նչն է փոխվելու՝ աշխատատեղե՞ր են ավելանալու, մարդկանց աշխատավա՞րձն է բարձրանալու, հարկային բե՞ռն է թեթևանալու, վերջապես դոլարի կու՞րսն է կայունանալու, թե՞ արտագաղթի մակարդակն է իջնելու:
Մի՞թե այս պահին շատ ավելի լուրջ հարցեր չկան երկրի առջև ծառացած, քան ինչ-որ երրորդ անձանց կողմից կազմակերպված բռնությունների փաթաթումն այլ անձանց վզին և սեփական քաղաքական շահերի այս կերպ բավարարումը:
Անգամ քաղաքականությունից բացարձակ գլուխ չհանող մարդկանց է պարզ, որ տվյալ բռնությունները չէր կարող իշխանությունն իրականացնել այս փուլում, երբ տնտեսական լուրջ խնդիրների առջև է կանգնեցնել ամբողջ ժողովրդին: Մի՞թե կարող ենք հավատալ, որ ՀՀԿ-ում լավ գոնե մեկ խելացի մարդ չկա, այդպես չի կարող լինել, եթե այդպես լինել, ապա նրանք դեռ վաղուց նվիրաբերած կլինեին իշխանությունը: Տպավորություն չստեղծվի, որ պաշտպանում եմ ՀՀԿ-ն, ամենևին, ես բոլոր կուսակցություններին ինչպես միշտ, այնպես էլ հիմա ընկալում եմ բացառապես նույն հարթության մեջ:
Չի կարելի այս ծանր պահին շեղվել իրական խնդիրներից՝ հասարակության մի զգալի հատված աղքատանում է, իսկ մոտ 30 % աղքատությունն էլ արդեն ծայրահեղ աղքատության շեմին է: Սա է այսօրվա ամենահրատապ խնդիրը, այլ ոչ թե ով ում ծեծեց, ում հայհոյեց, ով ինչ հիմարություն ասեց:
Այս հարցերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, իսկ ԱԺ պատգամավորները՝ բոլորը, պետք է այս փուլում մտածեն, թե ինչ օրենսդրական բարեփոխումներ կարելի է անել տնտեսական ոլորտում, որպեսզի ՓՄՁ-ները վերջնականապես չսնանկանան, իսկ հասարակությունն էլ չհայտնվի ծայրահեղ աղքատության ճիրաններում: