shmays shamshyanA1plus.am-ը գրում է․

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, բացի վարկային համաձայնագրերի քվեարկություններից, հաստատվեցին նաեւ գործադիրի ներկայացրած այլ որոշումներ:

Վարման կարգի հետ կապված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ԱԺ նախագահի ընթերցած հայտարարության տեքստը կարելի է համարել խմբակցության հայտարարություն:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ հայտարարությունն արժեք կունենար, եթե դա աներ ԱԺ-ն, այլ ոչ թե խմբակցությունը. «Եկեք միասին աշխատենք»:

Երբ քվեարկության էր դրվում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային կարգավորումների փաթեթը, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ լինելով ԵՏՄ-ին՝ իր պարտքն է համարում մասնակցել այս  նիստին, որպեսզի այդ փաթեթին դեմ քվեարկի. «Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի, որը դիմում է բոյկոտի մեխանիզմին, քանի որ այն ծայրահեղ քայլ է: Սակայն այս դեպքում անիմաստ եմ համարում բոյկոտը, քանի որ մեր դիրքորոշումը ԵՏՄ վերաբերյալ պետք է ցուցաբերենք ու խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ այսօր ԱԺ-ն եւս մեկ անգամ փորձ է անելու մեր անկախությունը վաճառքի դնել. «Ես եկել եմ դրան դեմ արտահայտվելու, քանի որ ՌԴ տնտեսությունը գահավիժում  է, ու ՀՀ-ն հիմա պիտի դաշնակցի այդ միության հետ: Մենք որեւէ անելիք չունենք այդտեղ. ՀՀ-ին բռնակցելու փորձ անելը ուղղակի անգործություն է: Խոսքեր դժվար  է գտնել՝ ձեզ չվիրավորելու համար, սակայն ՀՀ-ն դուք տանում  եք կործանման»:

«Կարեւորը՝ բոյկոտից դուրս եկաք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց, որ այդ հարցի քվեարկությունը հետաձգվի մինչեւ Ղազախստանն ու Բելառուսը հաստատեն մեր անդամակցության պայմանագիրը:

Մաքսային կարգավորումների փաթեթն անցավ  70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Զարուհի Փոստանջյանը կրկին վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ հենց նոր ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծի կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է. «Դուք տեսնում եք դոլար-դրամի հետ ինչ է  կատարվում…»: Նրա խոսափողն անջատեցին: «Խնդրում եմ անջատել, քանի որ դուք արդեն պրովոկացիա եք անում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել