Երեկ ԱԺ արտահերթ նիստը բոյկոտեցին ոչ իշխանական որոշ ուժեր: Ինչպես գիտենք, երեկ ԱԺ օրակարգում դրված էին մի քանի հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվում էին ԱԺ-ի ճնշող մեծամասնության կողմից վավերացրած ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Օրակարգում կային նաև այլ կարևոր հարցեր (արտաքին պարտքին վերաբերվող ներդրումային նախագծեր), սակայն ոչ իշխանականները հարկ չհամարեցին մասնակցել քննարկումներին:
Այստեղ մնում է քննարկել միայն մի տարբերակ: Կան հարցեր, որոնց հետևանքով քննարկմանը ներկա գտնվելը շահավետ չէր լինի ոչ իշխանականների համար: Վերջիններս խուսափեցին պատասխանատվությունից, այսինքն, հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկելու և դրանից հետո որոշակի բացասական տրամադրված զանգվածի քննադատությունների նախադեպը, երեկ պարզապես ԱԺ խմբակցությունները չէին ցանկանում մասնակցել նիստին: Մասնավորապես, եթե ոչ իշխանականները կողմ քվեարկեին նախագծերի փաթեթին, ապա դա հերթական անգամ կհարվածեր նրանց վարկանիշին, ինչպես նաև վերոնշյալ զանգվածի քննադատությունների հերթական ալիքն անխուսափելի կլիներ:
Իսկ մյուս կողմից էլ ինչպե՞ս կարող էին նշված կառույցները դեմ քվեարկել նախագծերի փաթեթին: Գլոբալ առումով ոչ իշխանականներն աջակցում են արտաքին քաղաքական այս որոշմանը: Նրանք վերջինիս մասին (բացառությամբ Ժառանգության) հայտարարել են ամենաբարձր մակարդակներով:
Այստեղից եզրակացություն. Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպի հարցն արտահերթ կերպով քննարկելը պարզապես պատրվակ էր ոչ իշխանականների համար, քանի որ, եթե իրոք նպատակ ունեին հրավիրել արտահերթ քննարկում, ապա չէին հեռանա դահլիճից և նիստը կանցկացնեին ԱԺ կանոնակարգով և Սահմանադրությամբ սահմանված կարգով: