Մեր հասարակությունում դեռևս առկա է կնոջ աշխատելու իրավունքի ոտնահարման խնդիրը: Հայկական շատ ընտանիքներում կնոջ աշխատելը դիտվում է՝ իբրև ամոթալի իրողություն և տղամարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ, իսկ լավագույն դեպքում այդ աշխատանքը կրում է սոսկ խորհրդանշական բնույթ: Այս պատմություններում կանանց աշխատելու իրավունքի ոտնահարումն ընդամենը մի մասն է այն բռնությունների, որոնց ենթարկվել են այդ կանայք իրենց ամուսինների կողմից:

«Ամուսինս այնպես հրեց, որ գլորվեցի մինչև առաջին հարթակը»

27 տարեկան

«Բարձրագույն կրթություն ունեմ, ամուսնանալուց առաջ աշխատում էի, և աշխատատեղում բոլորն ինձ հարգում էին: Բայց հարսանիքից հետո մեկ օր էլ չեմ աշխատել: Նախ արձակուրդ վերցրեցի, իսկ երբ լրացավ ժամանակը, սկեսուրս հայտարարեց, թե ինքն իմ ծառան չէ, որ տանը նստի, իսկ ես «հագնեմ-կապեմ», գործի գնամ: Ամուսինս էլ միացավ նրան: Իզուր էի փորձում համոզել, անգամ արցունք թափեցի, միևնույնն է՝ չօգնեց: Միջամտեցին նաև ծնողներս, ամուսնուս եղբայրը, բայց նրանք մնացին իրենց խոսքին: Այնքան էի տխրել, որ քիչ էր մնում բաժանվեի: Հետո՝ ժամանակի ընթացքում մի կերպ համակերպվեցի: Բայց ամուսնությանս առաջին ամիսներից զգում էի, որ մեր հարաբերություններում հակասություններ են առաջանում: Ես, որ աշխույժ և ուրախ բնավորություն ունեմ, քիչ-քիչ լռակյաց դարձա:

Ամուսինս խանութում էր աշխատում և տեսնելով, որ ձանձրանում եմ, առաջարկեց իր կողքին կանգնեմ, մեխ, շինարարական նյութեր վաճառեմ: Ինձ շատ վիրավորված էի զգում, հուսահատվել էի:

Շուտով ծնվեց մեր առաջնեկը: Նա, ճիշտ է, փարատեց տխրությունս, բայց ճակատագիրը նորից բարեհաճ չգտնվեց. փոքրիկս հրաժեշտ տվեց մեզ: Նորից մնացին միայն տխրությունն ու մռայլությունը:

Ամուսինս հաճախ սկսեց հարբած տուն գալ: Սկեսուրս էլ ասես կրակի վրա յուղ էր լցնում. «Գործի համար լաց էիր լինում, մեռելատուն էիր սարքել մեր տունը: Դե հիմա լացի, հանգստացի»:

Մի քանի ամիս բաժանված մնացի, հետո վերադարձա, բայց էլի ոչինչ չէր փոխվել: Մի օր, երբ ամուսինս լավ տրամադրության մեջ էր, խնդրեցի, որ թույլ տա՝ աշխատեմ: Այնպես բղավեց, որ որոշեցի այլևս այդ մասին չխոսել:

Նախագահական ընտրությունների օրերին իմ նախկին աշխատատեղից ինձ առաջադրել էին աշխատելու տեղամասային ընտրական հանձնաժողովում: Ես ուրախացա, որ գոնե տնից դուրս գալու առիթ կունենամ: Մի կերպ տնեցիներին համոզեցի՝ ասելով, որ ժամանակավոր գործ է, և շուտ կվերադառնամ: Սակայն այդ օրը ստիպված եղա մնալ մինչև ուշ գիշեր: Երբ հանձնաժողովի նախագահն ինձ մեքենայով տուն բերեց, ամուսինս և նրա մայրը պատշգամբում էին: Աստիճաններով արագ բարձրացա, իսկ ամուսինս, ընդառաջ գալով, այնպես հրեց, որ գլորվեցի մինչև առաջին հարթակը: Այդ ժամանակ ես հղի էի և կորցրեցի երեխայիս…

Հիվանդանոցից դուրս գրվելով՝ մտածում էի, որ ամուսինս կգա, ներողություն կխնդրի, բայց այպես էլ չեկավ: Հիմա ապրում եմ ծնողներիս տանը և լսել եմ, որ իմ մասին ասում են, թե չբեր եմ եղել, դրա համար էլ ինձ դուրս են արել…»:

«Չէի կարողանում գործի գնալ, քանի որ ոչ մի գրիմ դեմքիս կապտուկները չէր կարող ծածկել»

29 տարեկան

«Մի քանի տարի է՝ ինչ ամուսնացել եմ: Մինչև ամուսնանալը ապագա ամուսինս իմ հանդեպ ջերմ ու սիրալիր էր, սակայն ամուսնությունից հետո ընդամենը մի քանի օր անց նա լրիվ փոխվեց. Կարծես ես մի առարկա լինեի, որը կարող էր առանց խղճի խայթի ջարդուփշուր անել: Ես աշխատում էի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար, սակայն վերջին օրերին այլևս չէի կարողանում գործի գնալ, քանի որ ոչ մի գրիմ դեմքիս կապտուկները չէր կարող ծածկել: Ամուսինս ամեն ինչ արեց, որ ես դուրս գամ աշխատանքից:

Այժմ հղի եմ, սակայն նույնիսկ այդ վիճակը հաշվի չառնելով՝ ամուսինս ինձ ծեծելով գցեց հատակին և սկսեց ոտքով հարվածել փորիս: Հիմա չգիտեմ՝ երեխաս ողջ է, թե ոչ: Անգամ չի թողնում բժշկի գնամ: Արդեն հասկացել եմ, որ նա չի փոխվի: Շուտով ծնողներս գալու են ինձ տանելու: Նրանք այդ որոշումը կայացրին միայն վերջերս, երբ ինձ տեսան մահամերձ, արյունաքամ վիճակում»:

«Կինն ի՞նչ է, որ աշխատի…»

Հարևանի պատմածից

«Ինստիտուտն ավարտելուց հետո նա աշխատում էր գրադարանում: Ամուսնացավ 30 տարեկան հասակում և հայտնվեց դժոխքում: Ամուսինը հարբեցող էր, իսկ սկեսուրը անտանելի դաժան ու խառնակիչ կին էր:

Ամուսնու առաջին քայլը եղավ նրան աշխատանքից հանելը. դիպլոմը պատռեց՝ հայտարարելով, թե կինն ինչ է, որ աշխատի: Այդպես նա արձավ այդ տան ծառան, ավելի կոպիտ ասած՝ քոծը՝ առանց իրավունքների և ծանր պարտականություններով:

Ծեծուջարդի հետևանքով կորցրեց առողջոթյունը, ամբողջ ատամնաշարը: Նա իրավունք չուներ առանց սկեսուրի որևէ բան վերցնել, ուտել՝ չնայած ամուսինը լավ էր վաստակում: Ճիշտ է՝ այդ վաստակի մի մասը մսխում էր դրսում, բազմաթիվ սիրուհիներ ուներ, բայց նաև ընտանիքն էր լավ պահում: Սթափ վիճակում նա տանելի էր, բայց երբ հարբում էր, անճանաչելի էր դառնում:

Ամեն օր նրանց տնից լսվում էին կնոջ, երեխաների լացի ձայնն ու սկեսրոջ բղավոցները: Սկեսուրը դրդում էր տղային, որ ծեծի կնոջը, ձմռան ցրտին դուրս հանի տնից, նույնիսկ հրացան էր պահում վրան և սպառնում, որ կսպանի: Հարևանները վախից չէին համարձակվում նրան օգնել: Հայրն ու սկեսուրը նաև երեխաների մեջ ատելություն էին սերմանել մոր հանդեպ:

Երկու աղջիկներն ու տղան մեծացան այդ մթնոլորտում և հիմա, երբ արդեն չափահաս մարդիկ են, արհամարհում են իրենց մորը»:

 

Պատմությունները տրամադրել է
«Կանանց իրավունքների կենտրոն»
հասարակական կազմակերպությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել