Վրաստանի տարածքում գտնվելու 90 օրվա սահմանափակման խնդիրը կարգավորվելու է։

Երեկ պաշտոնական այցով վրաստան է մեկնել Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Երեկոյան նա հանդիպել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, իսկ այսօր տեղի է ունեցել նրա հանդիպումը նախագահ Մարգվելաշվիլու հետ:

Վարչապետների հանդիպումից հետո նրանք հանդես ելան համատեղ մամուլի ասուլիսներով: Երկուստեք հնչեցին կարևոր հայտարարություններ:

Հովիկ Աբրահամյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության, Էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման խնդիրներին՝ նշելով, որ այդ խնդիրները կարևորվել ու դարձել են բանակցությունների առարկա:

«Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը»,- հայտարարել էր ՀՀ վարչապետը:

Կանոնավոր չվերթների առնչությամբ պետք է նշել, որ դա հարաբերությունների սերտացման մասին վկայող իրական ցուցիչ է:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում անդրադարձել է մի խնդրի, որը Հայաստանում բուռն քննարկումների առիթ էր դարձել, ապա որոշակիորեն նվազել էր Վրաստանի պաշտոնյաների հետ նախորդ հանդիպումների ժամանակ հնչած մի քանի վստահեցնող հայտարարություններից ու պայմանավորվածություններից հետո:

Խոսքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրի ռեժիմի հնարավոր փոփոխությունների մասին է, ինչի վերաբերյալ Ի. Ղարիբաշվիլին երեկ հայտարարել է. «Չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկու երկրների միջև գոյություն ունեցող առևտրային ռեժիմի պահպանմանը»:

Շատ կարևոր է, որ Հայաստանի համար այսչափ առանցքային հարցում Վրաստանը երկրորդ անգամ է վստահեցնում իր դիրքորոշումը: Քաղաքական մշակույթի, ինչպես նաև նախադեպի առումով շատ կարևոր է, որ տարածաշրջանային հարևան պետությունները կարևորագույն հարցերում գերադասում են միմյանց միջև հարաբերությունների կայունությունը` տարբեր այլ գործընկերային շահերից:

Պետք է մեծապես կարևորել նաև վրացական իշխանությունների այն խոստումը, որ մինչև 2015 թվականի առաջին կեսի ավարտը կարգավորվելու է ՀՀ քաղաքացիների` Վրաստանի տարածքում գտնվելու 90 օրվա ժամկետի խնդիրը: Վիրահայ բավական մեծաթիվ համայնքի առկայության պայմաններում այդ օրենքը կարող էր իրական խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած, բայց Վրաստանում սեփականություն ու հարազատներ ունեցող անձանց:

Եվ վերջապես, թեև պաշտոնական հաղորդագրություններում ու հայտարարություններում չենք հանդիպում աբխազական երկաթգծի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների մասին հայտարարությունների, բայց հասկանալի է, որ դա այն խնդրո առարկաներից է, որի նկատմամբ հայկական ու վրացական կողմերը չեն կարող անտարբեր լինել: Այն Հայաստանի համար ունի տնտեսական ու կոմունիկացիոն ահռելի նշանակություն: Ուղղակի աշխարհաքաղաքական խնդիրների ազդեցությունն այս դրվագում բավական մեծ է և հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել: Մյուս կողմից, խնդրի լուծումը միայն Վրաստանից չի կախված: Հուսանք, որ երկու երկրների վարչապետների արտահայտած գոհունակության հետևում գոնե Վրաստանի մասով խնդրի լուծման տարբերակ կա թաքնված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել