Եռյակին «կից» կառույցները ոչ իշխանականների սեպարատ քաղաքականության մասով միակարծիք են:
Եռյակի նախաձեռնած շարժմանը միացած Տիգրան Կարապետյանը երեկ նույնպես եղել է Ազատության հրապարակում: Կարապետյանն այն հարցին, թե եռյակի լիդերների բացակայությունն արդյոք արդարացվա՞ծ է, պատասխանել է. «Հենց էդ է էլի, որ ժողովուրդը պետք է տեսնի իրենց միասնությունը, չի տեսնում, դրա համար էլ քիչ մարդ կա ու… Ի՞նչ ասեմ, չգիտեմ»:
Կարապետյանի խոսքից դժվար չէ նկատել, որ Ժողովրդական կուսակցության առաջնորդի մոտ հուսալքություն է առաջացել: Երեկվա լրահոսից պարզ երևում էր, որ ոչ իշխանականներին միացած մի քանի քաղաքական հարթակներում բացասական տրամադրություններ էին նկատվում հանրահավաքին` եռյակի լիդերների ներկա չգտնվելու վերաբերյալ:
Երեկ նման կոնտեքստով ոչ իշխանականների անդամ կառույցներից մեկը` Ժառանգությունը, նույպես խոսել էր եռյակի մյուս ներկայացուցիչների ներկա գտնվելու անհրաժեշտության մասին:
Ինչ խոսք, կառույցները միանում էին շարժմանը, քանի որ տեսնում էին քաղաքական դաշտի համախմբան հեռանկար, սակայն այսօր նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերի հարցազրույցների և ասուլիսների մեջ հիասթափության ֆոն է նկատվում: Հարկ եմ համարում հիշել Ժողովրդական կուսակցության ղեկավարի առաջին հարցազրույցը, որտեղ նա ոգևորությամբ խոսում է համաժողովրդական շարժումից.
«Այսօր այնպիսի վիճակ է, որ երբեք չի եղել Հայաստանում. ամբողջ դաշտը փորձում է միանալ, մեկ միավոր դառնալ: Սա շատ լավ է, մինչև տարեվերջ նաև հանրահավաքներ ենք անելու, որից մեկը կլինի մշտապես, այսինքն՝ ամեն օր երթեր ու հանրահավաքներ կլինեն»:
Փորձենք համեմատել: Կարապետյանի առաջին և երկրորդ հարցազրույցների ինտերվալը բոլորվին մեծ չէ, սակայն տրամադրվածության կտրուկ փոփոխությունն ակնհայտ է:
Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ այսօր Եռյակին «կից» կառույցներից առնվազն երեքը` Ժառանգությունը, Ազատամարտիկների դաշինքը և Ժողովրդական կուսակցությունը, ոչ իշանականների անդամ կուսակցությունների սեպարատ քաղաքականության մասով միակարծիք են:
Հետաքրքիր է. այս ամենը հաշվի առնելով՝ միայն ԲՀԿ-ական թևն է շարունակում պնդել, որ հարթակը միասնական է, իսկ ռեժիմը` խուճապի մեջ: