Մենք ուզում ենք, որ մեզ միանգամից սիրեն: Մեկ օրում ապացուցեն, որ երեկ սիրել են, այժմ սիրով են ու վաղն էլ չեն դավելու: Միանգամից, առանց ներքին դանդաղ ալեկոծությունների, առանց շերտ-շերտ մտածումի, առանց բառ-բառ ... լռության կամ առանց լուռ խոսակցության:

Մենք ուզում ենք սիրվել միանգամից: Հենց այդպես: Առանց բախումների, ներդաշնակման, խռովքի ու խաղաղման, միանգամից սիրվել ենք կամենում, որովհետև աստվածացրել ենք մեզ, ոչ թե Սերը: Մենք պահանջում ենք լիաժամանակ սեր՝ դրա իրավունքը չունենալով, եթե նույնիսկ սիրում ենք ինքնամոռաց, որովհետև երջանկությունը ոչ թե անբաժան ներկայությունն է, այլ չընդհատվող ներկայությունը, որ չէ՛ սոսկ մարմնական ու չէ այդպիսին, առհասարակ, ո՞վ գիտե:

Մենք խոսում ենք հանդիպման իրավունքից, բայց չենք պարտավորվում ապահովել առանձնությունը, ժամանակավոր մենությունը, որովհետև Սերը չհռչակեցինք Գոյական կամ Ենթակա, նրան ենթարկեցինք մեզ, և հոլովյալ մեր գոյությամբ, սիրապահանջությամբ ու դժգոհությամբ թարթ առ թարթ, բառ առ բառ, անուն առ անուն հեռացանք միմյանցից՝ դրախտի առասպելը թողնելով այդ ժանրին...

Մենք ուզում ենք ապրել, բայց վերապրում ենք դրախտն ու դժոխքը՝ մոլորապես կարծելով, թե եդեմական կամ գեհենային էր տեղանքն ու ժամանակը, մինչդեռ մեր խոտոր չափումներով չհասկացանք, որ Ավետյաց ՊԱՀԻ բաղադրությունն անվռազել, ցպահանջ, բայց ոչ պահանջկոտ Սերն էր ու Համակեցության անժամանակությունը՝ Վերին Կամոք...

Մենք ուզում ենք Սիրել, թե՞ սիրում ենք ուզել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել