Մեր՝ անգամ հաղթանակներն են թախծոտ... Տխուր են մեր հաղթանակները, Աստված վկա...
1. Ուրախ ենք, Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը, չէ, շնորհակալ եմ, անշու՛շտ շնորհակալ եմ, ուղղակի ոչ մի կերպ ինձ` գաղթի ու Դեր Զորի դժոխքն անցած հայերի ժառանգին, չի հաջողվում ուրախ լինել: Պարզապես շնորհակալ եմ օրինաչափությունը, աքսիոմն անառևտուր ընդունելու համար: Այսքանը.
2. Ընկերներիցս մեկը` Արման Հայրապետյանը, որ ո՛չ բիզնես ունի, ո՛չ էլ պապերից իրեն հասած ժառանգություն, հա, մոռացա, կինն էլ` Սյուզին, գործարար չի, այ իրենց շատ եմ սիրում ու համարում եմ իմ հարստություններից մեկը: Այս ընկերս հրաշալի գործ ձեռնարկեց, Տավուշի մարզի Չինարի և Այգեպար սահմանամերձ երկու գյուղերում խաղահրապարակներ կառուցեց, որ կրակահերթի դադարներին մանչուկները խաղան ու չկորցնեն իրենց մանկությունը...
3. Ֆորշը հայկական փոփ երաժշտություն ներկայացնող լավագույն արտիստներից է ու հիմա ակումբ է բացել, ուր հրաշալի տրամադրություն է տիրում: Բացմանը ներկա էի ու այնքա՜ն լավ մթնոլորտ էր, այնքա՜ն Երևանցի կար: Թե կարոտել եք Ֆորշի երգերը, որևէ հեռուստաալիքով չեք գտնի դրանք, եթեր չեն տալիս, ինքը բայաթի երգել չգիտի, չի կարող... Համ էլ հայի ինչի՞ն է պետք բայաթին: Իսկ ակումբում կենդանի հնչողություն է, երևանյան մթնոլորտ ու Ֆորշի երգերը:
4. Զորավարժություններ էին: Ազերիների դասական վարքագծի դրսևորման հետևանքով կորցրինք մեր երեք օդաչուներին, մեր հայորդիներին, մեր անուշ բալեքին... Լույս դարձան մեր Արծիվները... Անասելի ողբերգություն է: 1994-ի զինադադարից հետո ամենատես երկնքի անդորրը խախտվեց առաջին անգամ: Երևանից մինչև Ստեփանակերտ մի վարկյան լացս չի դադարել: Լավ, զորավարժությունների ժամանա՞կ, երբ հակամարտող պետությունները, որոշման համաձայն, չպետք է խախտեն զինադադարը, չպետք է որևէ կերպ միջամտեն զորավարժությունների ընթացքին: Կզարմանայի, եթե մարդուն զգուշացնեին, ու մարդը խախտեր պայմանը... Բայց թուրքի՞ն, ազերիի՞ն... Ես` խաղաղասերս, Սեր ու Խաղաղություն քարոզողս, այլևս ասում եմ. պիտի պատժվեն, պիտի իսպառ վերանան... Հաղթանակ, հաղթանակ... Հաջողված մարտական գործողություն... Տղերքը կյանքի գնով երկուս ու կես ժամ չդադարող կրակահերթերի տակ դուրս բերեցին օդաչուներից մեկի դին, մյուս երկուսի մասունքներն ու սև արկղը: Այսպիսի ուրախություն:
5. Հա, մոռացա, Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը «Աշխարհի չեմպիոն» տիտղոսին արժանացավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, բրոնզե մեդալի էլ արժանացավ արցախցի Աշոտ Դանիելյանը: Նասիբյանն իր հաղթանակը նվիրեց Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուների հիշատակին:
6. Հերբի Հենկոկն էլ Երևան էր եկել Վիննի Կալայոտայի, Ջեյմս Ջենյուսի հետ: Ուրախ էի, որ մեծ երաժիշտը Երևանում է՝ մյուս ոչ պակաս հրաշալի երաժիշտների հետ: Նա մի նախադասություն ասաց բեմից, ու ասես ամեն բան իր տեղն ընկավ. «Բա ու՞ր էիք այսքան ժամանակ, ինչու՞ չէիք հրավիրում, երբ ավելի երիտասարդ էի...», նստեինք պատմեի՞նք ))): Մեծն Հերբին Երևանում էր, մեր Օպերայի բեմում կանգնած, լեփ-լեցուն դահլիճի առջև ու կարող էր ոչինչ չանել, անգամ չնվագել, ուղղակի կանգնել բեմում... Ամսի 29-ին «Արամ Խաչատրյան» դահլիճում Հայաստանի ջազ նվագախմբի համերգն էր՝ հրաշալի երաժիշտ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Բարդ ծրագիր էր, ու ո՜նց էին նվագում: Հիացած էի, հուզված ու մի քիչ տխուր: Դահլիճում փնտրում էի Հերբիի համերգին խելակորույս ծափահարող «ջազի սիրահարներին» ու մեկին չգտա, մեկը չկար: Ի վերջո, ջազ սիրողը նաև լավ կատարումներն է գնահատում՝ անկախ երաժիշտների հանրահայտ լինելուց:
Ինձ համար մեծ պատիվ է, որ բոլոր մենահամերգներս կայացել են այդ հրաշալի երաժիշտների նվագակցությամբ: Ճանաչում եմ բոլորին: Համեստ են, ամոթխած ու տաղանդավոր: Նրանցից յուրաքանչյուրը, աշխարհի որևէ բարձրակարգ նվագախմբում կարող է նվագել, էլ չեմ ասում մենակատարների մասին: Արտիստը պետք է գնահատված լինի, որ կատարյալ դարձնի իր ստեղծագործությունը: Յուրաքանչյուր գնահատական ոգեշնչում է արտիստին: Սիրենք մերոնց, արժանի՛ են:
7. Մալյան թատրոնում պրեմիերա էր` Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելա»-ն: Գնացի ու էլի մի քիչ հարստացա բեմադրությամբ, դերասանական խաղով, երաժշտական ձևավորմամբ, հագուստներով: Ու թեև պրեմիերա էր, որևէ մեկը Մշակույթի նախարարությունից չկար: Ասացին՝ նույն օրը Վիոլետ Գևորգյանին նվիրված երեկո է եղել ու բոլոր-բոլորն այնտեղ էին... Բոլոր-բոլո՞րը... Ուրեմն, եթե հինգ պրեմիերա լինի նույն օրը Երևանում, չորս պրեմիերաները կանցնեն առանց Մշակույթի նախարարության որևէ ներկայացուցչի՞: Հաստիքներ չկա՞ն, հա՜, գուցե մասնագետնե՞ր չկան... է՜...
Ե.Գ. Զինվորին սիրենք, նախքան սխրանք գործելը: Պիտի հայ զինվորը սիրված լինի, որոհետև մեր Երկրի սահմանները պահելն արդեն սխրանք է: Հայ սպորտսմենին լավատեսությունն է գոտեպնդում՝ անկախ արդյունքից: Այնքան հեշտ է մի խոսքով, էժանագին ածականներով, անտեղի, սիրողական մակարդակի գնահատականներով կոտրել սպորտսմենի՝ գուցե ապագայի հաղթանակները: Հայ արտիստը պետք է գնահատված լինի նախ իր Երկրում, հենց հա՛յ հանդիսատեսի կողմից: Ես տեսել եմ օտար հանդիսատեսի հիացմունքն ու գնահատանքը հայկական մշակույթի հանդեպ: Օտարամոլությունն այլևս անհարիր է: Սիրենք մեզ, մենք արժանի ենք այդ սիրուն: Հայ մշակույթի ժառանգության ակունքները շատ են հին, ուրեմն խորհուրդն ու առաքելությունն էլ է շատ: Այսքանը: