Շատ է խոսվում հեղափոխության մասին, սակայն այդ հեղափոխությունն այդպես էլ տեղի չի ունենում, չնայած նրան, որ բոլոր նախապայմաններն առկա են։ Բոլորը դժգոհ են, անգամ հանրապետականների մեծ մասը` տեղական իշխանություններ, զինվորականներ, գործարարարներ և այլն: Ոչ հանրապետականների` այսինքն կառավարման գործընթացին այսպես թե այնպես մասնակցություն չունեցողների մասին չենք էլ խոսում:
Բոլորը դժգոհ են և հասկանում են, որ կառավարման համակարգում արմատական փոփոխություններ են պետք, որոշումների ընդունման մեխանիզմում, միջանձնային հարաբերություններում և այլն: Իսկ ինչու՞ է այդ հեղափոխությունն ուշանում: Հարցին պատասխանելու համար երևի առաջին հերթին պետք է հասկանալ, թե առհասարակ ինչ է նշանակում հեղափոխություն ասվածը:

Հեղափոխության քաղաքագիտական բացատրությունը հետևյալն է. մարդկային գործունեության և փոխհարաբերությունների մեջ արմատական փոփոխություններ, որոնք զարգացման թռիչքային հնարավորություններ են ստեղծում: Այսինքն՝ զարգացման մի իրավիճակից մեկ այլ իրավիճակի անցումը: Պարզ է, որ խոսքը հեղաշրջման կամ իշխանափոխության մասին չէ, անգամ կառավարման պառլամենտական, նախագահական կամ կիսանախագահական ձևերի մասին չէ:
Հեղափոխություն անելուց առաջ հանրությանը հայտարարվում է հեղափոխական փոփոխությունների բովանդակությունը, որից հետո ամբոխը դուրս է գալիս փողոց՝ նոր սոցիալական տեսության առաջնորդների գլխավորությամբ:
Եթե չկա հանրությանը հեղափոխելու տեսությունը, ապա փողոց դուրս եկած ամբոխը վերածվում է սովորական լյումպենի, որին Վովա Գասպարյանը շատ հեշտ նորից տուն կուղարկի: Իսկ եթե լինի համոզիչ և կենսական փոփոխությունների տեսությունը, ապա Վովա Գասպարյանը, որպես փորձառու ոստիկան, կապի մեջ կմտնի հեղափոխականների հետ և գուցե նաև աջակցի: Ինչու՞, որովհետև նա նույնպես գիտի, որ այս ռեժիմը հեռանկար չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել