Էքզյուպերին այս աղոթքը գրել է իր կյանքի ամենածանր փուլերից մեկում։ Այն հիշեցնում է շատ կարևոր բաների մասին և մինչև հոգուն խորքը հուզում է ընթերցողներին։
«Տե՛ր, ես քեզնից ոչ հրաշքներ, ոչ էլ միրաժներ եմ խնդրում, այլ հանապազօրյա ուժ։ Սովրեցրու՛ ինձ մանր քայլերով առաջ գնալու արվեստը։ Ինձ շրջահայաց ու հնարագե՛տ դարձրու, որպեսզի առօրյա կյանքի թոհուբոհի մեջ ժամանակին կանգ առնեմ այն հայտնագործությունների ու փորձառությունների վրա, որոնք հուզել են ինձ։ Սովորեցրու՛ ինձ ճիշտ տնօրինել կյանքիս ժամանակը։ Ինձ սուր հոտառությու՛ն տուր, որպեսզի կարողանամ առաջնայինը երկրորդականից տարբերել։ Ես խնդրում եմ զսպվածության կարողություն ու չափի զգացում, որպեսզի կյանքում չերերամ ու չգահավիժեմ, այլ խելամտորեն ծրագրեմ օրվա ընթացքը, որպեսզի տեսնեմ բարձունքներն ու հեռուները և գոնե երբեմն-երբեմն ժամանակ գտնեմ արվեստով հիանալու համար։ Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել` ոչ անցյալի և ոչ էլ ապագայի երազանքները։ Օգնի՛ր ինձ ապրել ներկայով և ներկա պահն ընդունել որպես ամենակարևորը։ Պաշտպանի՛ր ինձ այն միամիտ համոզմունքից, որ կյանքում ամեն ինչ պիտի հարթ լինի։ Տու՛ր ինձ այն հստակ գիտակցությունը, որ պարտության դժվարությունը, անկումն ու ձախողումը կյանքի անբաժան մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ու հասունանում ենք։ Հիշեցրու՛ ինձ, որ սիրտը հաճախ վիճում է բանականության հետ: Անհրաժեշտ պահին ինձ մոտ ուղարկի՛ր ինչ-որ մեկին, ով համարձակություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով: Ես գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, եթե ոչինչ չես ձեռնարկում: Ուստի համբերությու՛ն պարգևիր ինձ: Դու գիտես, թե մենք որքան շատ ենք զգում ընկերության կարիքը: Արժանի՛ արա ինձ ճակատագրի այդ ամենահրաշալի ու քնքուշ պարգևին։ Հարուստ երևակայությու՛ն տուր ինձ, որպեսզի հարկ եղած պահին հարկ եղած վայրում լուռ կամ խոսքով անհրաժեշտ ջերմություն տամ ինչ-որ մեկին։ Դարձրու՛ ինձ մի այնպիսի մարդ, ով ունակ է թակել անգամ ամենաներքևում գտնվողների սրտի դռները։ Պահպանի՛ր ինձ այն երկյուղից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում: Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես ինքս եմ ցանկանում ինձ համար, այլ այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ: Սովորեցրու՛ ինձ մանր քայլերով առաջ գնալու արվեստը»։
Ձեզ կարող են դուր գալ նաև այս իմաստուն մտքերը «Փոքրիկ Իշխանից»։



