Օրերս ոչ իշխանական ուժերը հրավիրել էին մարդու իրավունքների օրվան նվիրված հանրահավաք–երթ: Այսօր լրահոսից տեղեկանում ենք, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի առաջորդները չեն մասնակցի հանրահավաքին:
Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ո՛չ, Գագիկ Ծառուկյանը երթին չի մասնակցելու, բայց կուսակցությունը տարբեր մակարդակներով մասնակցություն ունենալու է: Ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ազատ է մասնակցության համար»:
Այս հարցի վերաբերյալ էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը հայտարարել էր, որ Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթին:
Փաստացի, Եռյակից միայն Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ նախօրոք՝ «քաղաքացիական ժողովների» ժամանակ, հայտարարել է իր մասնակցության մասին, ինչպես նաև կոչ էր արել բոլորին իրենց ներկայությունն ունենալ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Այսպիսով, հոկտեմբերի 24-ի` Եռյակի հանրահավաքից հետո սա առաջին առիթն էր, որը ոչ իշխանականները կարող էին օգտագործել՝ միասնականություն դրսևորելու համար: Ինչևիցե, Երկյակի խորթ զավակն այսօր նույնպես հարթակում «կգործի» միայնակ: