Առողջությունն ամենաթանկն է, որ մենք ունենք, այն հնարավոր չէ գնել փողով, իսկ վերականգնելը շատ ժամանակ և ջանքեր է պահանջում, ուստի ավելի լավ է պահպանել այն: Առողջության պահպանման մի քանի կանոն եմ առաջարկում։

Առողջ սնունդ, ֆիզիկական վարժանքներ, ակտիվ կենսակերպ, դրական տրամադրություն. դրանք առողջության պահպանման հիմնական նախապայմաններն են:

Առողջության վրա դրական ազդեցություն է թողնում օրը լավ տրամադրությամբ սկսելը, անհարժեշտ է ամեն առավոտն սկսել՝ կենտրոնանալով ո՛չ թե օրվա հոգսերի, այլ այն բաների մասին մտածելով, որոնք իսկապես ուրախություն են պարգևում:

Տրանսպորտային միջոցը զբոսանքով փոխարինելը ևս խիստ առողջարար է: Ոտքով աշխատանքի գնալու անհնարինության դեպքում անհրաժեշտ է գոնե ամեն երեկո զբոսնել նվազագույնը 10 րոպե: Դա կարգավորում է արյան շրջանառությունը, մկանային ակտիվությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

Խոտաբույսերով թեյի օգտագործումը ևս առողջարար է. թեյերն օգնում են պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ և ամրացնել դիմադրողականությունը, մասնավորապես՝ առաջարկվում է խառնել մի քանի տարբեր խոտաբույսեր, օրինակ՝ երիցուկ, անանուխ, ազնվամորի:

Խորհուրդ է տրվում օգտագործել նաև հանքային ջուր: Վաղուց արդեն ապացուցված փաստ է, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է օրական 2լ ջուր խմել, սակայն օգտակար է համարվում ո՛չ միայն մաքուր ջուրը, այլև ջրում հանքային աղերի առկայությունը:

Մշտապես անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել դիմադրողականության բարձրացումը, դրա համար կարելի է օգտագործել տարբեր բնական միջոցներ, հատկապես՝ ցիտրուսային մրգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել