![](/static/news/b/2014/12/219673.jpg)
ArmnewsTV․am-ը գրում է․
Ազգությամբ հրեա ուկրաինացի գործիչը Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դնելուց առաջ անսպասելի ձևակերպումներ արեց: Առանձնապես կողմ չէ, երբ Իսրայելում ու Հայաստանում հյուրերին հուշահամալիր են ուղեկցում: Հենց այստեղ` Ցեղասպանության հուշահամալիրում Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահը հորդորում է ազատվել անցյալի` իր ձևակերպմամբ` բարդույթից:
Ուկրաինայում հայտնի հրեա հեռուստամագնատ, նախագահի նախկին թեկնածու, ձեռնարկատեր Ռաբինովիչը հավանաբար սովոր չէ, որ իր հետ զրուցելիս հարցը կրկնվում է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկնվեց: Հոլոքոստ վերապրած ժողովրդի ներկայացուցչի պատասխանը նույն ոճով է: Մինչև այս հարցերին հայերեն պատասխանող Արա Աբրահամյանը անցավ ռուսերենի ու շեշտեց` մի օր Իսրայելն էլ կճանաչի Ցեղասպանությունը:
Րոպեներ անց 23 երկրների ներկայացուցիչներով Եվրոպական հրեական խորհրդարանը տեղավորվեց ԱԺ նիստերի դահլիճում: Աշխարհն առանց ցեղասպանությունների թեման ամբիոնի մոտ բերեց Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյային: Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետության փոխնախագահին ներկաները երկար ծափահարեցին: Դանիել Ասթորին շեշտը անցյալը հիշելու վրա դրեց: Մի քանի անգամ ընդգծելով` հիշողությունը պետք է վառ պահել: Ուրուգվայը Ցեղասպանությունը ճանաչելուց հետո էլ ձեռքերը ծալած չի նստում:
Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահն Ուրուգվայի պաշտոնյայի խոսքը մեջբերեց` անցյալը չմոռանանք, որ ներկան կառուցենք: Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահը նորից անցյալը մոռանալու վրա շեշտը դրեց:
Սփյուռքի նախարարի խոսքի մի մասը հենց Իսրայելին է ուղղված: Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ այս քննարկումները պետք է Կնեսետ տեղափոխվեն: Իսրայելը պետք է լրացնի այն պետությունների ցանկը, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը:
ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիրն էլ թվարկեց հայտնի հրեաներին, որոնք Ցեղասպանության ճանաչման կողմնակից են: Ու հրավեր ուղարկեց Իսրայելի նախագահին:
ԱԺ փոխնախագահը միջազգային գործընկերներին տեղեկացրեց, որ այս փուլում հայ պատգամավորները հայտարարության տեքստ են պատրաստում: Դրանով կդատապարտեն Օսմանյան կայսրությունում բոլոր փոքրամասնությունների ոչնչացումը: Իսկ Հայաստանը 100-րդ տարելիցին, Շարմազանովի խոսքով, պետք է մի կողմ դնի բոլոր տարաձայնություններն ու ներկայանա միասնական: Այստեղ նոր ձևակերպում ծնվեց` քառամիասնություն:
Ինչ-որ պահ ամբիոնից ուժեղ շխկոց լսվեց` Արա Աբրահամյանի ձեռքի տակ ջրի բաժակը կոտրվեց, ներկաներն արձագանքեցին` չարը խափանվեց:
Տեսանյութը՝ այստեղ