Երեկ Ազգային Ժողովում Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց խորհրդարանի կողմից: 
Ոչ իշխանական երկու խմբակցությունները` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, կողմ քվեարկեցին, իսկ Ժառանգությունն ամբողջ խմբակցությամբ դեմ էր պայմանագրին: Թերևս Ժառանգության մոտեցումն այս հարցին պարզ էր դեռևս հոկտեմբերյան հանրահավաքների ժամանակ:

Ինչևէ, ԵՏՄ անդամակցության պայմանագրի քվեարկությունից հետո Ժառանգության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Սա մեզ համար մերժելի է, պետք է պայքարենք: Պետք է կոնկրետ ծրագիր ունենալ ու հրատապ իրագործել, դրան միտված քաղաքական գործիչները, նաև քաղաքացիները պետք է այս պահին կազմակերպվեն, համախմբվեն անկախ պետություն ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք համախմբվել»:

Փաստորեն Ժառանգության պատգամավորը նոր նախաձեռնության կոչ է անում: Ոչ իշխանական ուժերն այդպես էլ չկարողացան համախմբված ներքաղաքական շարժում սկսել ու երկարաժամկետում կոնկրետ քայլեր ձեռնարկել, հիմա ի՞նչ նոր շարժման մասին է խոսքը, ինչպե՞ս են պատկերացնում՝ իրենց փոքրաթիվ ռեսուրսներով արտաքին քաղաքականությանն ուղղված պայքար սկսել:
Հետաքրքիր է նաև, թե Փոստանջյանի համախմբան կոչն ում էր ուղղված՝ իրենց գործընկերներ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ի՞ն: Չէ՞ որ այս պայմանագրին ԱԺ խմբակցություններից միայն Ժառանգությունն էր դեմ քվեարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել