Ուղղակի քայլում էր: Արդեն էլ ո՛չ ցավ էր զգում, ո՛չ սեր, ո՛չ ատելություն. բոլոր զգայարանները բթացել էին: Հոգնել էր…
Առավոտյան, երբ եղբորից 200 դրամ խնդրեց տրանսպորտի համար, վերջինիս ու կնոջ մեջ հերթական կռիվը բռնկվեց: Հարսը լավ գիտեր՝ իր ձայնը լսվում է ու հենց դրա համար էլ գոռալով էր խոսում.
-Մինչև՞ ե՛րբ, մինչև ե՛րբ ենք մենք իրեն պահելու:
-Լռի՛ր:
-Ինչո՞ւ լռեմ, 28 տարեկան է դարձել, ինչո՞ւ չի ամուսնանում:
-Երբ հարմար թեկնածու ունենա, այն ժամանակ էլ կամուսնանա:
-Հարմա՞ր,- քմծիծաղեց հարսը,-չլինի՞ բանկիր, կամ պատգամավոր փեսացու եք սպասում: 
Կողքի շենքի Արտյոմն ինչ վատն էր, որ չուզեց:
-Արտյոմը նարկաման էր:
-Հա ի՞նչ անենք:
-Ձայնդ կտրի՛:
-Դուք չեք էլ կարող պատկերացնել՝ որքան եմ ատում այդ աղջկան, մի՞թե չի հասկանում, որ ինքը վաղուց ավելորդ է այս տանը:
-Կտրի՛ ձայնդ, սա ի՛ր տունն է:
Չսպասեց, որ եղբայրը ննջարանից դուրս գա ու 200 դրամը տա, դուրս եկավ տանից:
Ոտքով բավականին երկար քայլեց` մոտ 2 ժամ, մի քանի աշխատանքային գործակություններ մտավ, որպեսզի տեսնի՝ դեռ աշխատանք չկա. բոլոր տեղերում նույն պատասխանն էր` կզանգենք:
Ո՞վ է ասել, որ եթե գեղեցիկ ես, խելացի, ուրեմն նաև հաջողակ ես: Ո՛չ, գեղեցկությունն ու խելքը երբեմն ուղղակի պատուհաս են:
Շատ լավ աշխատանք ուներ, ամեն ինչ հարթ էր ու հրաշալի, մինչ այն պահը, երբ նոր տնօրեն եկավ: 
Սկզբում ակնարկներով, հետո արդեն շատ պարզ ասաց. « կա՛մ սիրուհիս կդառնաս, կա՛մ կյանքդ դժոխքի կվերածեմ»:
Այդպես էլ արեց` կյանքը դժոխքի վերածեց, որովհետև նա սիրուհի չդարձավ: Մինչ որոշեց, որ աշխատանքից դուրս է գալիս, տնօրենը «գլխին սարքեց». բավականին մեծ գումարի պակասորդ: Մեկ տարի աշխատեց առանց աշխատավարձի՝ ամեն օր լսելով նույն նվաստացուցիչ առաջարկները: Մի օր էլ, երբ համբերությունը հատեց, ուղղակի երեսին շպրտեց.
- Հերի՛ք է, այևս այսպես չե՛մ աշխատի, արեք ինչ ուզում եք:
-Եթե դու այստեղից դուրս գաս, օդերդ կփակեմ:
Նա սկզբում դրան չհավատաց, բայց երբ անցավ այլ վայրում աշխատանքի ու երկու օր հետո նրան առանց պատճառի հեռացրին, ու այդպես մի քանի աշխատանք իրար հետևից, հասկացավ՝ նա իրեն հետևում է:
Գործակալություններից հետո հանդիպեց ընկերուհուն, ուզեց մի քիչ գումար խնդրել, բայց ամաչեց ու մանավանդ վիրավորվեց, երբ ընկերուհին ակնարկեց.
-Լավ դե դու էլ համաձայնեիր, հիմա շատերն են ամուսնացած տղամարդկանց սիրուհի, հա՛մ լավ աշխատանք կունենայիր, տուն, մեքենա, հա՛մ էլ այսքան խնդիրների մեջ չէիր ընկնի:
-Հասմի՛կ, դու դա հասկանալո՞վ ես ասում:
-Այո՛, հիմա բոլոր աղջիկներն էլ քնում են իրենց ընկերոջ, կամ սիրեկանի հետ:
-Ների՛ր, բայց դու հիմարություն ես խոսում, ու քո ասածը զրպարտանք է, չի՛ կարելի բոլոր աղջիկների հասցեին նման բան ասել:
-Է՜հ ընկերուհիս, միամի՜տն ես հա, ամոթ էլ է 28 տարեկանում կույս լինել, մանավանդ որ հիմա տղաները դրան ուշադրություն չեն դարձնում, վայելի՛ր կյանքը:
-Հասմի՛կ, ես կյանքի վայելքը դրա մեջ չեմ գտնում, ու բացարձակ չեմ ամաչում, որ կույս եմ, ների՛ր, բայց ինձ դուր չի գալիս, որ դու այսպես ես խոսում:
-Լա՛վ, քո իրավունքն է, ինչ կուզես արա, հետո կհասկանաս, որ երիտասարդությունդ անցնում է, ու ոչ մեկին էլ պետք չես:
Վերջին ժամանակներս անհաջողությունն անհաջողության հետևից բախում էր նրա դուռը: Նախ հայրն ավտովթարից մահացավ, հետո մայրը երկարատև հիվանդությունից, իր աշխատանքային խնդիրները, իսկ ամենամեծ անհաջողությունը այն էր, որ մարդիկ իրեն չէին հասկանում: Մենակ էր մնացել…
Զանգեց հին աշխատակիցներից մեկին, ում հանդեպ անտարբեր չէր. « Ների՛ր, հիմա զբաղված եմ, 5 րոպեից զանգ կտամ»:
Հինգ րոպեն րոպեն դարձավ հինգ ժամ…
Արդեն երեկո էր, բայց տուն գնալ չէր ուզում, ոտքերը սարսափելի ցավում էին, բայց հոգ չէր, ավելի լավ է ոտքերը ցավեն` քան գնա տուն, ու հոգին ցավի հերթական տեսարաններից:
Չէ՜, նա վաղուց ավելորդ է, ոչ մեկին պետք չէ, ո՞ւմ է պետք իր ապրելը:
Այսպես ապրելուց մեռնելն ավելի լավ է: Քայլերն ուղղեց դեպի կամուրջ, կանգնեց ու սկսեց նայել գիշերվա մեջ ընկղմվող քաղաքին: Գլուխը պտտվում էր` ամբողջ օրը միայն մի բաժակ սուրճ էր խմել: Այդպես այևս չէր կարող շարունակել, մենակ էր, ու պետք չէր ոչ մեկին, գլխում մի ձայն անընդհատ ասում էր՝ դու պետք չես ոչ մեկին, պե՛տք չես, պե՛տք չես…
Պայուսակը մի կողմ գցեց ու բարձրացավ կամուրջի բազրիքին: Վարանեց մի պահ, բայց հետո հասկացավ՝ մեկ է սպասող չունի: Ա՜յ , եթե գո՛նե ծնողները կենդանի լինեին…
Հեռվից նկատեց ոստիկանների. պետք չէ այլևս վարանել, պետք է արագ գործել, քանի դեռ չեն մոտեցել:
Թռավ: Ամբողջ կյանքը կադր առ կադր սկսեց անցնել աչքերի առջև. մանկությունից մինչ հիմա. բակ, մանկապարտեզ, դպրոց, համալսարան, ծնողներ, ընկերներ, միակ ու անփոխարինելի բայց և անպատասխան սեր: Ապա նրա աչքին երևաց թե ինչպես իր աջ կողմում երկինքը սպիտակեց ու տեսավ ինչպես է ինքը դուրս գալիս բարձրահարկ շենքից` աշխատանքային համակարգիչը ձեռքին, իսկ դրսում իրեն սպասում են մի տղամարդ ու երկու փոքրիկ, որոնք իրեն տեսնելով, վազելով առաջ են գալիս: Հասկացավ՝ դա իր ապագան էր, իր աշխատանքը, իր ամուսինն ու երեխաները: Հենց այդ պահին հիշեց Աստծո մասին: Հասկացավ՝ Աստված իր համար այլ ծրագրեր ուներ, իսկ նա պահի ազդեցության տակ գործել էր աններելին: Ափսոսաց, ա՜խ, եթե այս քայլն արած չլիներ…բայց սթափվեց իր ձախ կողմում այս ու այն կողմ գնացող սարսափելի ուրվականներից, պարզ էր, որ վերջն է, իսկ այն ինչ սպասվում էր, նրան ավելի սարսափելի թվաց, ու շշնջաց. «Աստված իմ ներիր…»
Հեղինակ` Հեղինե Աննա Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել