Սույն թվականի դեկտեմբերի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության 10-րդ նստաշրջանը: «Մեդիա ոլորտի ինտեգրացիոն գործընթացները հանուն խաղաղության ու կայունության» խորագրով միջոցառմանը մասնակցել են 57 երկրների ներկայացուցիչներ: Ադրբեջանի կողմից նիստին մասնակցում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը: Բնականաբար, նրա ելույթի մի զգալի հատված նվիրված էր Հայաստանի կողմից հողեր զավթելու արդեն ծեծված թեմային: Ըստ նրա՝ Հայաստանը փորձում է կրոնական երանգավորում հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Բացի դրանից, Հասանովն անդրադարձավ իսլամական երկրների խնդիրներին, մասնավորապես՝ Սիրիայում ընթացող պատերազմին, Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին՝ դատապարտելով Արևմուտքի հակաիսլամական քաղաքականությունը: Նա կարևորեց Ադրբեջանի հանրապետության դերն աշխարհում իսլամական համերաշխության ամրապնդման գործում:
Փաստորեն, պաշտոնական Բաքվի ցինիկ քաղաքականությունը չափ ու սահման չի ճանաչում: Հասանովը խոսում է Պաղեստինի ժողովրդի իրավունքներից, սակայն երևի մոռանում է, որ Ադրբեջանի տարածքն անարգել օգտագործվում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ նույն Իրանի նկատմամբ հետախուզական գործունեություն ծավալելու համար: Բա ու՞ր մնաց իսլամական համերաշխությունը: Էլ չխոսենք Սիրիայի պատերազմի մասին, որին մասնակցում են Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ: Խոսելով իսլամի դերի մասին՝ Հասանովն ամենայն հավանականությամբ մոռանում է, որ Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներ են գործադրվում ընդհուպ մինչև մարդկանց մորուքների ստիպողաբար սափրելն ու պետական հեռուստաալիքով հակաշիական հաղորդումների հեռարձակումը: Էլ չխոսենք մզկիթները փակելու և Նախիջևանում հավատացյալներին բանտարկելու մասին: Այստեղից հռետորական հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստանն է, որը բավական լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ, վարում հակաիսլամական քաղաքականություն, թե՞ Ադրբեջանը, որի ղեկավարությունն անմիջական վտանգ է տեսնում իսլամի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203146380889655?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել