Մի լավ խոսք կա հներից եկած` ասում է պատերազմում բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Ինչպես հարյուրամյակներ առաջ է եղել այս խոսքը արդիական, այնպես էլ այսօր: Ավելին, այսօր առավել քան արդիական է:
Իրական կյանքում այս խոսքի ամենավառ դրսևորումը տեսանք այս երկու օրերին, երբ ՌԴ-ն ընդհատեց «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը` հիմնավորելով իր քայլը ԵՄ հարուցած խնդիրներով: Ասել կուզի՝ Պուտինը հստակ ասում է. «շատ բարի, դուք ձերն արեք, ես՝ իմը. ձմեռն արդեն եկել է, ու ցուրտ է ահագին, դե գնացեք, տեսնեմ՝ ի՞նչ եք անելու առանց իմ գազի, առանց իմ գազի հետ կապված ենթակառուցվածքների....»: Իսկ արդեն պաշտոնական լեզվով դա տարեկան միայն չորս հարյուր միլիոն եվրոյի վնաս է միայն Բուլղարիայի համար, վիթխարի վնասներ են Իտալիայի համար, որի նավթային հսկաները, ինչպես օրինակ «Էնի»-ն ներգրավված էր այդ նախագծի մեջ: Ու սա դեռ ամբողջը չէ: Ինչպես արևմտյան լրատվամիջոցներն են ասում, ոչ առանց սպառնալիքի ակնարկի Պուտինն Անկարայում հայտարարում է, որ եվրոպական շուկան ռուսների համար արդեն կորցրել է իր բացառիկ կարևորությունը: Ու սա դեռ սկիզբն է, ոչ վերջը, ոչ նույնիսկ խնդրի կիսումը: Ամեն բան դեռ նոր է լինելու ըստ երևույթին: Ու դա լինելու է կենաց ու մահու պայքար, որտեղ ախոյաններից մեկն անպայման պետք է ոչնչացվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել