doctors.am Երբ երեխան սկսում է սողալDoctors.am-ը գրում է․

Փոքրիկները շատ են սիրում մագլցել սանդուղքներով և բարձրանալ աթոռների ու արկղերի վրա։ Սիրում են՝ որովհետև, նախ՝ ընդօրինակում են մյուս երեխաներին, և ապա այն պատճառով, որ նման խոչընդոտներ հաղթահարելիս իրենց մկանային աշխատանքից հսկայական հաճույք են ստանում։

Հասկանալի է, որ անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել փոքրիկների այդ զբաղմունքը, հատկապես, եթե դուք ապրում եք քաղաքում և փոքրիկները շարժվելու քիչ հնարավորություններ ունեն։ Հասկանալի է, որ երեխային չի կարելի խրախուսել, եթե նա ցանկանում է մագլցել հյուրասենյակում դրված և նրա համար այնքան գրավիչ, հին ու թանկարժեք բազկաթոռի վրա։ Ավելի լավ է նրան տրամադրել այն առավելագույն հնարավորությունները, որ կան դրսում։ Եվ ահա թե ինչու.

Կարևոր է, որպեսզի ձեր երեխան, մյուս երեխաներին ընդօրինակելիս, տեսնի, որ նրանք դա հաճույքով են անում։ Եթե նա սկսի իրեն ընկալել որպես ինչ-որ մի բացառություն, որն ընդունակ չէ անել այն, ինչ մատչելի է մյուս երեխաներին, ապա նրա հոգեկան հավասարակշռությունը կարող է խանգարվել։

Մագլցելով և ինչ-որ տեղ բարձրանալով՝ երեխան վստահություն է ձեռք բերում իր ֆիզիկական ուժերի նկատմամբ, իսկ դա նրան թույլ կտա ավելի արագ ու հեշտ հաղթահարել իր հոգեկանում ծագող բազում անառիթ սարսափները։ Եթե փոքրիկը առողջ ու աշխույժ է, այդ տագնապները աննշան ու անցողիկ կլինեն։ Բացի այդ, երեխայի ողջ գոյությունն ու խաղերը նրանից ֆիզիկական մեծ ակտիվություն են պահանջում, այդ պատճառով էլ շատ կարևոր է, որպեսզի նա իրեն ուժեղ զգա, և սարսափը ոչ մի հարցում չխանգարի նրան։

Լինում են երեխաներ, որոնք ձգտում են հաղթահարել արգելքներ, որ ակնհայտորեն վեր են իրենց ուժերից։ Ավելի լավ է չխանգարել նրանց, թող փորձեն, բայց նրանց մոտ եղեք, որպեսզի վտանգ ծագելու դեպքում անմիջապես կանխեք այն։ Եթե նույնիսկ շատ եք վախենում և, կարելի է ասել սարսափում եք՝ տեսնելով, թե ինչ է անում, միևնույն է՝ մի խանգարեք նրան բարձրանալ ուր որ ուզում է, թող ինքը հասկանա, թե որտեղ պետք է կանգ առնել և որոնք են իր հնարավորության սահմանները։ Ձեր ներկայությունը նրան կօգնի այդ անել: Իսկ եթե դուք նրա համար տագնապեք ու վախենաք, ապա երեխայի սարսափը միայն կավելանա։

Այլ կերպ ասած՝ եղեք երեխայի կողքին և օգնեցեք նրան, բայց մի կանգնեցրեք և մի ստիպեք անել այնպիսի բան, որը նրա ուժերից վեր է։ Կանցնի որոշ ժամանակ և դուք ուրախությամբ կնայեք, թե ձեր որդին կամ դուստրը ինչպիսի խիզախությամբ են ճոճվում ճոճանակի վրա և կապկի ճարպկությամբ ծառը մագլցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել