Վերջին շրջանում քաղաքական դաշտի տրանսֆորմացիոն գործընթացների ֆոնին ականատես եղանք խորհրդարանական բոլորովին նոր նախաձեռնության: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդես եկավ նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ:
Այս նախաձեռնությունը նոր թեզ առաջ քաշեց քաղաքական դաշտում, և սպասվածի պես այն նոր վերադասավորումների առիթ դարձավ: Մասնավորապես, ակտիվ քննարկվում էր, թե արդյոք գործընթացին կաջակցե՞ն ոչ իշխանական ուժերը:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի պատգամավորների թիվն ավելին է, քան անհրաժեշտ 44-ը` հույս հայտնելով, որ վերջիններս կմասնակցեն քվեարկությանը: Կանխատեսումներ կային, որ նախաձեռնությանը միանալու էին փոքր թվով քաղաքական ուժեր, և այն հաջողություն չի ունենալու:
Երեկ Ազգային Ժողովի նիստում պատգամավոր Փաշինյանի նախագիծը տապալվեց` չկարողանալով հավաքել բավարար քանակով ձայներ: Նախագծին կողմ էին քվեարկել ընդամենը 3 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Հատկանշական է այն փաստը, որ քվեարկության ավարտից հետո ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ իրենք իրատեսական չեն համարել Նիկոլ Փաշինյանի նախագիծը, քանի որ երկրորդ փուլում, միևնույն է, չի կարողանալու հավաքել բավարար քանակով ձայներ. «Վիճակն իրատեսականորեն հետևյալն է. նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»:
Նախագծի տապալումից հետո մամուլը քննադատում էր Եռյակին Փաշինյանի նախագծի նկատմամբ ձեռնպահ մնալու համար, բացառությամբ մի քանի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող լրատվական կայքերի:
Հարկ է նշել, որ ոչ իշխանականների հակափաստարկը հիմնավորված չէր: Եթե Եռյակի ներկայացուցիչները գտնում են, որ նախագիծն անիրատեսական է նրանով, որ երկրորդ փուլում չի կարողանալու հավաքել բավարար ձայներ, ապա այդ դեպքում, ընդդիմության կողմից ներկայացված ցանկացած նախագիծ նույն տրամաբանությամբ հնարավոր է հաջորդ փուլ չանցնի, և այդ պատճառով բոլոր նախագծերը պետք է տապալվեն: