Շվեդիայում գտնվող «Nordic Light» հյուրանոցը վերջերս հայտարարել է, որ պատրաստ է կանխիկ գումարի փոխարեն «սոցիալական արժույթ» ընդունել այցելուներից։ Այս շքեղ հյուրանոցն անվճար հյուրընկալում է սոցցանցերի բոլոր աստղերին։ «Սոցցանցի աստղ» ասելով՝ հյուրանոցի ղեկավարությունը նկատի ունի, որ տվյալ անձը պետք է «Facebook»-ի իր անձնական էջում 2,000 ընկեր ունենա, ինչպես նաև 100,000 հետևորդ «Facebook»-ում կամ «Instagram»-ում։ Եթե համապատասխանում եք այս չափանիշներին, ապա 7 օր կարող եք անվճար բնակվել այս հյուրանոցում՝ օգտվելով այնտեղի բոլոր ծառայություններից։ Ընդ որում, սովորական հաճախորդների համար այս հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը կազմում է 360 դոլար։ Անգամ սոցցանցերի աստղերի դեպքում «անվճար» ասվածը հարաբերական է։ Բանն այն է, որ նրանք պարտավորվում են սոցցանցերի իրենց էջերում գովազդել հյուրանոցը նախքան հյուրանոցում հանգրվանելը, հյուրանոցում մնալիս ու հյուրանոցից հեռանալուց հետո։ Օրինակ՝ այցելուն պետք է ստատուս գրի՝ օգտագործելով www.nordiclighthotel.com հղումը, «Facebook»-ով գրանցվի հյուրանոցում (check-in), հավանի հյուրանոցի ֆեյսբուքյան էջը։ Եթե այցելուն հայտնի է «Instagram»-ում, նա պետք է իր հրապարակումներում զետեղի #nordiclighthotel հաշթեգը։ Եթե հանկարծ շեղվեք այս կանոններից, ստիպված կլինեք վճարել լրիվ գումարը։ Եթե Ձեր ընկերների ու հետևորդների թիվը մեծ է, սակայն պահանջվածից ավելի քիչ է, Դուք կարող եք օգտվել զեղչային համակարգից։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել