Հոկտեմբերյան ցույցերի ժամանակ հարթակից բազմիցս խոսվում էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին:
Համաժողովրդական շարժման լճացման քաղաքական պասիվության ֆոնին ոչ իշխանականները ձեռնամուխ եղան նոր գործընթացի` հանդիպումներ տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ`շարժմանն արհեստական շունչ հաղորդելու նպատակով:
Շաբաթ օրը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցով գտնվում էր Ռուսաստանում: Ընթացքում նա հանդիպում էր ունեցել լրագրողների հետ և հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրական էր, որ խոստովանել էր ճանապարհային քարտեզի բացակայության փաստը:
Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք իշխանափոխության «ճանապարհային քարտեզ», և ինչպե՞ս է նա տեսնում իշխանափոխությունը, Օսկանյանը պատասխանել էր. «Այս պահին կոնկրետ իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին ես չէի ուզենա խոսել։ Բայց անպայման կլինի, ժողովուրդը դրա մասին կիմանա, դա լինելու է առանց ցնցումների, խաղաղ ճանապարհով իշխանափոխության «ճանապարհային քարտեզ»։ Եվ շուտով կարծում եմ, որ դա մենք կներկայացնենք»:
Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ Օսկանյանն այս խոսքով հակադարձեց իրենց կողմից առաջ քաշած այն թեզը, որ քարտեզը պատրաստ է: Եթե հիմա Օսկանյանը խոստովանում է, որ ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ, ապա ինչու՞ էին Բարգավաճամերձ կայքերը երկրորդ հանրահավաքի ԲՀԿ-ի ելույթը որակում որպես ճանապարհային քարտեզի հրապարակում:
Փաստացի, Օսկանյանը հերքեց «ճանապարհային քարտեզի» գոյության փաստը: