Tert.am-ը գրում է․
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին և ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 5-ին հրավիրում է քաղաքացիական ժողովի՝ «Ազատ, անկախ, սահմադրական Հայաստան» խորագրով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հույս ունի, որ հաջորդ հավաքը եռյակի շրջանակում է լինելու:
«Դեկտեմբերի 5-ին կլինենք Ազատության հրապարակում, այնուհետև հաջորդ օրը Վանաձորում, նույն օրը երեկոյան՝ Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի հրապարակում: Մենք բոլոր մեր գործընկերներին ներկայացրել ենք մեր նախաձեռնությունները, առաջարկել ենք նաև նոյեմբերին միացյալ հրապարակ ձևավորելու հրամայականը։ Չունենք անմիջական արձագանք, բայց վստահ եմ, որ դեկտեմբերի հինգին կունենանք որակյալ հավաք»,-ասաց նա և ավելացրեց, որ չգիտի, թե այս հավաքն ի վերջո ինչ է տալու, բայց հիշեցրեց, որ իրենք նման հավաքներ միշտ էլ հրավիրել են:
Հարցին, թե առանձին հավաքներ սկսելուց բացի, արդյոք «Ժառանգությունը» չի՞ պատրաստվում հայտարարել, որ դուրս է գալիս եռյակի կազմից, պատասխանեց. «Ես ասել եմ, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն, որի մեջ նշված կլինի իրենց նպատակը, որոնք ենք այդ նպատակը իրականացնելու միջոցները և որոշումներ կայացնելու մեխանիզմները: Եռյակը պետք է հրապարակային գործի: Եռյակից դուրս գալու խնդիր չկա, այդ երեք ուժերի համագործակցությունը կշարունակվի խորհրդարանում, որտեղ նրանք շատ լավ աշխատում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



