2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ Նոյեմբերի 14֊ին ընդամենը 15 րոպե տևած նիստում այդ ծավալուն փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Սահմանադրական Դատարանի կայացրած հապճեպ որոշումը խորացնում է հանրության անվստահությունը դատական այդ ատյանի նկատմամբ և ընկալվում որպես ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքանությանը կուրորեն սատարելու ակտ։ Առանց պատշաճ հրապարակային քննարկումների` Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից վավերացումը հղի է մի շարք վտանգներով.
սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով և փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո՝ ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթակներում։ Որպես հետևանք, իրատեսական են դառնում երկրի քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված տարրական իրավունքներից` խոսքի, խղճի, մտքի ազատությունից զրկվելու միտումը: Այդ իրավունքները սահմանափակելու մասին Հայաստանում ՌԴ դեսպանատնից հնչող պաշտոնական «հորդորները» որպես ակնհայտ սպառնալիք արդեն իսկ իրականացան նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան ոստիկանական ուժերի ներգրավմամբ ճնշելու միջոցով:
ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները` որպես այդ երկրի կայսերապաշտական հավակնությունները զսպելու մեխանիզմ: Դա հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի` երկիրը հայաթափելու հեռանկարով:
«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների և հիմնական կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ և հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու և «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը և կոչ անում ՀՀ քաղաքացիներին Ազգային Ժողովից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել