Magaghat.am-ը գրում է․
«Հայացք Երևանից» ամսագրի գլխավոր հովանավորներից մեկը մեծ բարերար Քըրք Քըրքորյանն էր:
2000թ. ծրագրվեց հանդեսում նրա մասին հոդված տպագրել, սակայն ինձ չհաջողվեց ծանոթ հեղինակներից նման ձեռնարկի խոստում ստանալ: Բոլորը պատճառաբանում էին, որ այդ բազմազբաղ մարդու հետ հանդիպելն անհնար է, հարկավոր նյութեր չունեն, դա մի կերպար է, որին գրիչով դիպչելը համարձակություն է պահանջում և այլն:
Պատճառաբանությունները հոդված չեն դառնում, մինչդեռ դրան արդեն սպասողներ կային: Ելքը մեկն էր`ակնարկով անձամբ զբաղվել: ԱՄՆ-ից նրա մասին բազմաթիվ հոդվածներ ու նյութեր ստացանք, թարգմանեցինք, համադրեցինք: Գործը ձգձգվում էր, մնացել էր տպագրել տարվա վերջին համարը: Մի օր ես փաստերը մտքիս պահ տվեցի, բոլոր թարգմանությունները հանձնեցի թարգմանիչներին և նստեցի` լսելու սրտիս շշուկը:
Թեև հերոսին հանդիպելու առիթ չէր վիճակվել` նրան գիտեի այնպես, ինչպես յուրաքանչյուր հայ գիտի իր ազգի մեծերին, այսինքն` ակնածանքով:
Ակնածանքից ակնարկ ծնվեց:
Ասեմ, որ նյութից դուրս մնացին միայն գործող նախագահ Ռ.Քոչարյանի մասին Քըրք Քըրքորյանի դրվատական խոսքերը:
Ներկայացնում եմ այն հատվածները, որոնք 14 տարի անց ևս արդիականությունը պահպանել են:
…1917 թվականին 9-ամյա Վիլյամ Սարոյանը «մեկ արծաթե դոլար վճարեց՝ գնելու համար նիկելապատ մի կրծքանշան, որը պարտավոր էր կրել «Ֆրեզնո Իվնինգ Հերալդ» թերթը վաճառող յուրաքանչյուր տղա»: Հուշերի մասունք կրծքանշանը նույն օրն անհետացավ՝ վշտի մեջ ձգելով ապրուստի բարակ թելը գտած բիթլիսցի գաղթականների 4-րդ զավակին:
1917-ի հունիսի 6-ին Կալիֆոռնիայի Ֆրեզնո երկաթուղային գյուղաքաղաքում օթևանած Լիլի և Ահարոն Քըրքորյանների հարկի տակ ծնվեց նրա՛նց 4-րդ զավակը, որն ինը տարուց հետո, ինչպես իր նշանավոր նախորդը, կյանքի ուղին սկսելու էր լրագիր վաճառելով:
Քըրքորյանները Սարոյանի քաղաքում մնացին մինչև 1921 թվականը, ապա տեղափոխվեցին Լոս Անջելես: Դժվար է ասել՝ Սարոյանների ու Քըրքորյանների ընտանիքների միջև որևէ առնչակցություն եղե՞լ է: Սակայն կա մի հանգամանք, որը տեսնելու համար փաստ պետք չէ. մեծ գրողի հայկական կերպաշարում Քըրքորյանի փառահեղ անհատականությունը չմոռացվող մեղեդու նման հառնում-մարում է՝ ընդմիշտ տարրալուծվելով ընթերցողի հիշողության ծածկագրում: Օտար ափերում խարիսխ նետած, բայց հոգու բովանդակ ընդերքով հայ մնացած, իմաստուն ու բարի այրի կերպարը կարող է բազմաթիվ անուններ ստանալ և դրանցից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը, ամենահամապատասխաններից է: Որքան էլ փաստերն ու իրադարձություններն իրենց քմահաճ խաղն առաջ մղեն՝ անվիճելի է, որ Ֆրեզնոյում ծնված երկու նշանավոր հայերը այն բացառիկ մարմնավորումներից են, որոնք կոչվում են ամերիկացի՝ արևմտահայի մշտադալար-խորագնա արմատներով:
Քըրքորյանների ընտանիքի խոսակցական լեզուն միշտ եղել է հայերենը: Անգլերենը սովորել են դրսում՝ միջավայրին հարմարվելու համար: Միգուցե բռնցքամարտով զբաղվելը ևս այդ միջավայրին ընտելանալու միջոց էր: Մարզաձևով տարված էին ավագ ու կրտսեր եղբայրները: Պատանի Քըրքը շուտով այնքան առաջադիմեց, որ մեծ վերապահությամբ կարելի է ասել, թե նա միայն միջավայրին էր հարմարվում: Ավելի ճիշտ՝ հակառակը, միջավայրն էր իրեն ենթարկում:
Հարվածը, որով հայտնի դարձավ բռնցքամարտիկների շրջանում, նրան բազում հաղթանակներ բերեց: Պատանուն սկսեցին «քիլեր» կոչել: Այսինքն ընդունեցին, որ մրցակիցներ չունի: Կարծես թե որոշված էր՝ ռինգում մեծ հաջողություն կա, ավելի լավ ապագա դժվար է հուսալ:
Նոր աշխարհը ոչինչ այնպես չէր գնահատում, ինչպես համարձակությունն ու ուժը: Քըրքը երկուսից էլ բավականաչափ ուներ, ուրեմն կասկած չկար, որ բախտը նրան երբեք չի լքի: Մարզական նվաճումների հեռանկարը կարող էր խախտել օվկիանոսի սահմանները, որոնք «խոստանում էին» մի օր նեղ գալ հաջողակ մարզիկին: Սակայն…
Այստեղից սկսվում է ամերիկյան մամուլի ոճին հարազատ մի բեկում, որը, արդար լինենք, զտարյուն ճշմարտություն է և արժանի՝ նույնիսկ արկածային-հերոսական գրականության նյութ լինելու: Հերոսի համար վերապահենք սուպերմենի՝ գերմարդու դերը, քանի որ համարձակությանն ու ուժին գումարվեց նաև երրորդը՝ բնածին խելքը: Համաձուլումը հետո էր պատահելու, իսկ Ճակատագրական բեկման առիթն ընկերոջ հրավերն էր՝ օդանավով երկինք բարձրանալ:
Օվկիանոսը, որի սահմաններն այնպես կուզենար խախտել, այլևս ներքևում էր՝ հորիզոնի նեղ գրկում, կարծես նույնիսկ՝ մի քիչ անօգնական: Պատանուն հիմա հրապուրում էր երկինքը, որ անեզրական էր՝ ինչպես մարդկային հոգին և գաղտնիքներով մշուշված՝ ինչպես իրենից հետո եկողների ճակատագիրը:
Ընկերը՝ Օ,Ֆլահերթին, հետագայում հիշում է. «Մինչ այդ նա երբեք ինքնաթիռ չէր նստել, բայց երբ մի քանի անգամ օդ բարձրացավ և վերևից տեսավ օվկիանոսն ու լեռները, գոչեց՝ ահա թե որն է իմ ուզածը: Հաջորդ օրվանից նա սկսեց պարապել: Հաստատ վճռել էր երկինք նվաճող դառնալ»:
Դրանք երևի սովորական պարապմունքներ չեն եղել: Քըրքը, որ արդեն վարժվել էր հաղթանակողի ինքնավստահությանը, ոչ թե պետք է նրանից հրաժարվեր, այլ խորացներ այն, դարձներ իր անբաժանելին: Մտերիմները վկայում են, որ նա սովորել է տենդորեն, բայց նպատակասլաց: Արդյունքը չի սպասեցրել՝ ամենակարճ ժամանակամիջոցում ձեռք է բերել կործանիչի օդաչու-հրահանգչի մասնագիտություն ու սկսել գիտելիքները փոխանցել նորակոչիկներին: Երկրորդ աշխարհամարտին նրա մասնակցությունը դրանով չի սահմանափակվել՝ մասնակցել է նաև բազմաթիվ օդային մարտերի:
Պատերազմի ավարտից հետո նրա առջև նոր հնարավորություններ բացվեցին: Հեռավոր հորիզոնների կանչը հոգում երբեք չէր խլացել, ուր եղել է՝ այդ կանչին է անսացել: Եվ արդեն նրան պետք էին ոչ թե ընդունակ սաներ, այլ ավելի ու ավելի բարձր թռիչքներ: Ուղիղ և անուղղակի իմաստներով:
Հարազատ մնանք նրա անձը պարուրող սովորական-արկածային ոճին ու մեկեն ամրագրենք գլխավոր հանգրվաններից մեկը. բնաշնորհ երիտասարդը դառնում է փոքրիկ ավիաընկերության սեփականատեր: Անկասկած, դրան նա հասել է ոչ դյուրին ճանապարհով, ոգեշնչումն ու հուսալքությունը հերթագայել են միմյանց: Այս պարագան, սակայն, կենսագիրների աչքից վրիպել է, մնացել է միայն արգասիքը՝ հաջողությունը:
Ինչպես էլ մեկնաբանենք՝ իրականությունն անփոփոխ է. Քըրք Քըրքորյանի հետագա ուղին նախասկզբի կրկնությունն էր, միայն թե՝ վիթխարի վերելքներով ու վայրէջքներով, սխրանքի հասնող համարձակ քայլերով, առաջին միլիոնի շփոթեցնող բերկրանքով ու միլիարդների զգաստացնող հանրագումարով: Պատահել է՝ ողջ ունեցածը վաճառել է պարտքերը մարելու համար, բայց փոխարենն այնպիսի ձեռնարկ է սկսել, որ իր անունը պսակել է Լաս Վեգասի արքա տիտղոսով:
Աշխարհի խոշորագույն քաղաք-խաղատան հեքիաթային սեփականատերերից մեկը այսօր էլ պայքարի մեջ է՝ մերթ հյուրանոցային նոր համալիր կամ խաղատուն է գնում, մերթ հինը վաճառում, մերթ դատական հայցերի է պատասխանում, մերթ ինքն է դրանք հարուցում: Կորուստներ, բնականաբար, լինում են, բայց վերին մի օրինաչափությամբ նրա շահը մնում է անոտնահարելի:
Քըրք Քըրքորյանի անունը պարբերաբար հայտնվում է ԱՄՆ-ի և աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակներում: 1998-ին, օրինակ, 41-րդ ամենահարուստ ամերիկացին էր՝ 5,7 միլիարդ կարողությամբ: Հարստությունը, սակայն, Քըրք Քըրքորյանի կյանքի նպատակը չէ, այլ միջոց՝ ազգային-բարեգործական ձեռնարկները կյանքի կոչելու համար:
Առանց վարանելու նրան կարելի է համարել հայության գլխավոր մեկենասը, քանզի բարեսիրական գործունեության կիզակետը Հայաստանն ու Արցախն են: Տարիներ շարունակ հայկական նպատակների համար անանուն նվիրատվություններ կատարելուց հետո նա անցավ անվանական, հրապարակային, ուստիև՝ բոլորին պարտավորեցնող գործունեության:
Ավելի քան 10 տարի առաջ, երբ իր նախնիների բնօրրանի անկախացած հատվածը մխրճված էր երկրաշարժի ու հասարակարգի փոփոխության հետևանքների խառնիճաղանջում, նա հիմնեց բարեգործական միացյալ հիմնադրամ և սկսեց օգնության ծրագրի իրականացումը: Թվերի վկայակոչումը տեղին չէ, քանզի շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ նա վստահության մթնոլորտ էր ստեղծում Հայաստանի հանդեպ՝ դրանով մյուս գործարարներին և հայրենակիցներին ևս տրամադրելով ներդրումների ու բարեսիրության:
Նա կարող էր համահայկական հեռուստամարաթոնում հավաքված 4 մլն դոլարը րոպեապես կրկնապատկել, և պարտադիր չէր, որ մյուսներն էլ դա կրկնեին: Սակայն քայլի համարձակությունը սփյուռքին խորհել էր տալիս՝ Քըրքն այլևս երիտասարդ չէ, եթե նա համառորեն իրենն է պնդում, ուրեմն ճանապարհը դա է, ուրեմն Հայաստանն այլ օգնողներ չունի:
Հայրենիքում ու սփյուռքում նրա անվան հոմանիշը դարձավ «փրկություն» բառը:
Բայց նույնիսկ անշահախնդիր հայրենասիրության ասպետ Քըրք Քըրքորյանը ստիպված եղավ փոխել օգնության եղանակները: Ժամիշխաններից ոմանք չարաշահել էին Սփյուռքի, ազգի վստահությունը, հարկավոր էր նոր գործելակերպ մշակել, քանզի իր ողբալի վիճակի համար ժողովուրդը ոչ մի մեղք չուներ, բացի, թերևս, պարապուրդի մատնած մտապաշարից:
Փրկության նոր գործելակերպը կոչենք Լինսի հիմնադրամ, որովհետև օգնության բոլոր ճանապարհները խաչաձևվում են նրանում: Մեծ բարերարն արդեն չի թաքցնում, որ հայկական պետության հանդեպ իր վստահությունն ավելացել է: Վստահության վերականգնման գործում մեծ դեր խաղաց պարոն Քըրքորյանի հայաստանյան այցը, որը տեղի ունեցավ 1998-ի ամռանը: Ընդամենը երկու օր մնաց այն հողին, որի յուրաքանչյուր կիլոմետրը ներշնչված է իր մեծահոգության ապացույցներով: Բայց այդ կարճ ժամանակամիջոցն էլ բավական էր, որպեսզի Լինսի հիմնադրամն անցներ գործունեության նոր՝ մեծագումար ներդրումների փուլին:
Վերջերս Հայաստանի կառավարությունն ու Լինսի հիմնադրամը կնքեցին «Փոխըմբռնման հուշագիր», որն այլ բան չէ, քան վերափոխումների համաձայնություն: Մանրամասներում չխորանալով՝ շեշտենք գլխավորը. սփյուռքը, որ ազգերի ու մշակույթների հսկայական ձուլարան է, գերագույն ճիգերով անգամ՝ հային տևապես հայ չի պահի:
Ազգային գոյատևման միակ ու հուսալի երաշխիքը Հայաստանի Հանրապետության հզորացումն է: Ուստի նա, ով մտահոգ է իր արմատների վերընձյուղմամբ ու հարատևությամբ, պետք է նպաստի վերափոխված հայրենիքի առաջընթացին: Նպաստի ոչ թե օդում անէացող օգնություններով, այլ զարգացման ծրագրերով, հայրենի բնակչությանը սովորելու և աշխատելու հնարավորություն տալով: Լինսի հիմնադրամի 6 դրույթները միտված են հենց այս առաքելության իրագործմանը:
165 մլն դոլար արժեցող ծրագրերը կօգնեն առաջին հերթին գործարարներին՝ շնչավորելու իրենց մտահղացումներն ու ունակությունները: Հընթացս՝ աղետի գոտում կշարունակեն վեր հառնել բնակելի շենքեր, կբարելավվեն հանրապետության մայրուղիները, Զվարթնոց օդանավակայանը, հյուրանոցները, իրականություն կդառնա Թամանյանի երազած Հյուսիսային պողոտան, կնորոգվեն Մատենադարանը, Օպերային և մյուս թատրոնները, թանգարանները: Ամեն ինչ կարվի՝ Հայաստանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար:
Էապես կարևոր է, որ նշված միջոցառումներն այլևս տարերայնորեն կամ գաղտնաբար չեն ձեռնարկվի: Ինչպես հիմնադրամի ղեկավարներն ու հովանավորը, այնպես էլ Հայաստանի ներկայացուցիչները վճռել են այսու հետևողական լինել: Անշուշտ, դրանից տրտնջացողներ էլ կան: Կան մարդիկ, ովքեր մոլորություն ունեն մտածելու, թե սփյուռքի մեծահարուստները Կաղանդ պապիկներ են՝ անտակ ուսապարկերով:
Այդպես գուցե եղել է: Բարեբախտաբար՝ պահն անցել է: Հիմա այլ ժամանակներ են՝ արթնացման, գործողության, ինքնահաստատման ժամանակներ:
Մեր պատմության հերոսը, ինչպես ասացինք, սովոր է միջավայրն իրեն ենթարկել: Նրա ամերիկյան կենսագրության բոլոր դրվագներն այդ են վկայում, և համոզված ենք, որ նա իր կամքին կենթարկի նաև Հայաստանը պաշարած կարիքը:
Այսուհանդերձ՝ Քըրք Քըրքորյանի ամենագլխավոր արժանիքը դա չէ: Իր ապրած կյանքով, իր կերպարի շքեղությամբ, իր բարի ծրագրերի անպարփակությամբ, նա, իհարկե, արժանի է մեծարանքի և բարձրագույն տեղ կունենա ազգի երևելիների դիմասրահում: Բայց Քըրքորյան-անհատականության անկրկնելիությունն այն է, որ նա իր հայրենակիցների համար հաջողության և արհեստավարժության կենդանի օրինակ է: Շնչող ու քայլող օրինակ՝ հատկապես այն երիտասարդների համար, ովքեր կարծում են, թե հեռավոր ափերում երջանկություն գտնելով կիրագործեն իրենց կյանքի սևեռուն նպատակը:
Լաս Վեգասի արքան՝ սարոյանական այդ անխառն կերպարը, հակառակն է ապացուցում՝ ուր էլ լինես, որտեղ էլ կառուցես ու արարես, բոլոր ձեռքբերումներիդ նպատակակետը նախնիներիդ օրրանն է լինելու: Նրանից ես ժառանգել այն ամենը, ինչը քեզ դարձնում է մարդ, հայ և անհատ:
Եվ դա՝ այդ թանկ ժառանգությունը, եկող դարերի ու հազարամյակների միակ, անխզելի քարեկամուրջն է: Անցնելու ուրիշ ճանապարհ մեզ համար գոյություն չունի: Մեր բոլոր հացենիները աճում ու պտղակալում են այս միակ ճանապարհի աջ-ահյակ կողմերում: