Սփյուռքի կառույցների հետ համագործակցութան Եռյակի հանձնառությունը ստանձնած Վարդան Օսկանյանն իր առաջին հանդիպումն է ունենալու Հայաստանից դուրս ապրող հայերի հետ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրմանը կողմնակից եռյակի (չնայած այս պարագայում եռյակը ճոխ է ասված, քանզի Ժառանգությունը պրոեվրոպական ուժ է) առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Մոսկվայում: Կարծում եմ, որ Մոսկվայում Վարդան Օսկանյանի դարակազմիկ մտքերը լսելու համար դարձյալ կօգտագործվեն Գագիկ Ծառուկյանի կապերն ու հնարավորությունները, որպեսզի դահլիճում բացի Վարդան Օսկայանից այլ մարդիկ էլ լինեն, քանզի վստահ եմ՝ Մոսկվայում ապրող հայերին մեծ հաշվով ո՛չ եռյակն է հետաքրքիր, ո՛չ էլ Վարդան Օսկանյանը, այսինքն՝ ժողովուրդ հավաքելու հայաստանյան փորձը եռյակը կփորձի օգտագործել նաև Հայաստանից դուրս: Իսկ հիմա գլխավորի մասին. Հայաստանի ներքաղաքական օրակարգը որոշում են Հայաստանի քաղաքացիներն ու Հայաստանում ապրող մարդիկ: Արդյո՞ք բարոյական է Հայաստանի ներքաղաքական օրակարգը հանել Հայաստանի սահմաններից և քննարկման թեմա դարձնել աշխարհի տարբեր քաղաքներում: Հայաստանից դուրս ապրող հայերը բոլորիս հետ միասին Հայաստանի տերն են, Հայաստանի ճակատագրով մտահոգ են, բայց Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորում ենք Հայաստանում ապրող հայերս: Եռյակն այս քայլով շատ սխալ և վտանգավոր պրակտիկա է ձևավորում, ինչն ես համարում եմ անթույլատրելի:

Հ.Գ. Ի դեպ, եռյակի ակտիվ անդամներից Գուրգեն Արսենյանը տարիներ շարունակ պնդում էր, որ Հայաստանից դուրս ապրող հայերն իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքաղաքական օրակարգին: Հետաքրքիր է՝ եռյակում կա՞ գոնե մեկ հարց, որի շուրջ եռյակի բոլոր ուժերը միակարծիք են: Կարծում եմ՝ կա նման մեկ հարց՝ ամեն գնով հասնել իշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել