
Արաբ վերլուծաբան Ֆաեզ Ռաշիդը հանդես է եկել մի հետաքրքիր հոդվածով, որտեղ Իսլամական պետության դեմ ուղղված պայքարը համեմատում է 1967 թվականի վեցօրյա պատերազմի հետ:
Մասնավորապես նա նշում է, որ մինչ պատերազմի սկսվելը ամբողջ արաբական մամուլը զբաղված էր Իսրայելի և հրեա զինվորների իրականացրած գազանությունները նկարագրելով, ինչն ի վերջո հանգեցրեց չափազանցված և իրականության հետ կապ չունեցող փաստերի հրապարակմանը:
Այս ամենի արդյունքում արաբ շարքային զինվորների և բնակչության շրջանակներում ձևավորվել էր անվստահության և վախի մթնոլորտ, քանի որ թերթերում հրատարակվող իսրայելական զինվորների վայրագություններին նվիրված հոդվածների արդյունքում նրանց մոտ այնպիսի պատկերացումներ էին ստեղծվել, թե իբր հրեա զինվորները գեր մարդիկ են և մաթեմաթիկական ճշգրտությամբ իրականացնում են յուրաքանչյուր ռազմական օպերացիա:
Բայց իրականում մեծ հաշվով արաբների դեմ կանգնած էին 20 տարեկան անփորձ զինվորներ։
Իսկ հիմա նույն ռազմավարական սխալն իրականացվում է իսլամիստների պարագայում:
Ամբողջ մամուլը ողողված է նրանց իրականացրած վայրագություններով, որոնք հաճախ համեմվում են չափազանցություններով:
Երևի թե սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ իրաքյան 30 հազարանոց բանակը ժամանակին ուղղակի փախուստի դիմեց:
Ըստ նրա՝ ԻՊ-ը լիովին որդեգրել է Իսրայելի գործունեության մեթոդները: