Նոյեմբերի վերջին օրերին՝ Հայաստանի «սովետականացման» 94–ամյակի շեմին, Երևան կրկին մտավ Կարմիր բանակը: Այս անգամ մտավ գիշերով, գողեգող, իր առաջատար ահաբեկչական խմբերով: Դիվերսանտները սկսեցին հրկիզել Երևանի փողոցներում ու բակերում կանգնած այն ավտոմեքենաները, որոնց տերերը դեռևս դիմադրում են Հայաստանի հերթական գաղութացմանը: Համակարգված ու ծրագրված այս ահաբեկչական գործողության ձեռագիրն ակամա մատնում է պատվիրատուների ենթագիտակցական վախն ու միտումը` հրկիզելով ավտոդողերը, նրանք կարծես մատնանշում են իրենց գլխավոր սարսափը՝ Կիևյան Մայդանի այրվող ավտոդողերից շարված բարիկադները:
Շաբաթներ առաջ ես գրել էի հայոց քաղաքացիական շարժումների գլխավոր թերություններից մեկի մասին, նրանց մեկուսացումն ու անհաղորդ մնալը համաշխարհային հեղափոխական տեղաշարժերին: Հայաստանում, կարծես, չեն նկատել մեր խնդիրների, իղձերի ու նպատակների նմանությունը ուկրաինական, վրացական, ռուսաստանյան ժողովրդական պայքարին: Այդ քաղաքական կուրության հիմնական պատճառն էր հանրության մեջ նախապես արհեստականորեն ու արհեստավարժ կերպով ներմուծված կեղծ գաղափարը մեր ազգային առանձնահատկության ու բացառիկության մասին, որը վիժեցնում է քաղաքացիական, գաղափարական ու դասակարգային համերաշխության դրսևորումները և դրանով իսկ թուլացնում, տրոհում ու պառակտում է մեր պայքարը՝ առանձնացնելով ու մեկուսացնելով այն համաշխարհային գործընթացներից: ԿԳԲ-ՖՍԲ-ԱԱԾ հեղինակած այս դավադրությունը ևս մեկ անգամ դրսևորվեց վերջին օրերին: Հրկիզված յոթ մեքենաներց վեցը պատկանում էին Նախախորհրդարանի աջակիցներին, մեկը` մեկ այլ քաղաքացիական շարժման ակտիվիստին: Սակայն հանրությունը կրկին թերացավ տեսնել սրա մեջ սադրանք ու հարձակում մեզ բոլորիս վրա: Առաջին մեկնաբանություններն ու հաղորդումները նույնքան մակերեսային են ու մեկուսացնող, դրանք չեն նկարագրում ողջ պատկերը` իշխող հանցավոր համակարգի գրոհը ողջ քաղաքացիական հասարակության վրա: Բերթոլդ Բրեխտի պիեսներից մեկի բազմիցս հիշատակված հատվածը միանգամայն տեղին է այսօր. «Երբ ձերբակալում էին բողոքարարներին, մենք լռում էինք, քանի որ բողոքարար չենք, երբ ձերբակալում էին հրեաներին, մենք լռում էինք, քանի որ հրեա չենք, իսկ երբ եկան մեզ ձերբակալելու` այլևս ոչ ոք չէր մնացել, որ բողոքի...»
Հայաստանի նոր գաղութացումն անցնում է հիմնականում հարթ ու անշեղորեն, քանի որ քաղաքական ու քաղաքացիական դաշտում թերացան տեսնել ակնհայտ զուգահեռներ մեր և ուկրաինական խնդիրների ու պայքարների միջև: Սա իսկապես տարօրինակ է ու զավեշտալի, քանզի Կիևյան Մայդանն ասում ու անում էր հենց այն, ինչ մենք ասում ու անում էինք 1988 և 2008 թվականներին Օպերայի հրապարակում: Երկու կարևոր տարբերությամբ` ուկրաինացիք հենց սկզբից հստակ կողմնորոշվեցին, որ ազգովի ընտրում են եվրոպական զարգացման ճանապարհը` օրենքի, արդարության, ազատ ընտրության, խոսքի ու ազատության, մարդու իրավունքների ու համամարդկային արժեքների ճամփան: Երկրորդը` նրանք կատարեցին աստվածաշնչյան առաջին պատվիրանն ու չստեղծեցին կուռք՝ բաժանելով իրենց ճակատագրի ու երկրի պատասխանատվությունն իրար մեջ: Մենք դեռ մնում ենք ասիական թայֆայության ու «առաջնորդի» սպասելիքների ծուղակում:
Մինչդեռ մեքենաներ հրկիզող ու ակտիվիստներին հետևից գլխին հարվածող վարձկանները կամա թե ակամա ցուցադրում են մեզ մեր սխալներն ու դրանց շտկելու միակ ուղին: Ուղին այդ` ներքին քաղաքացիական և արտաքին քաղաքական համերաշխությունն է: Բոլոր դիմադրական ուժերը Հայաստանում պետք է միավորվեն այս սպառնալիքի դեմ, բոլոր ազգային ճակատագրական շարժումները պետք է գիտակցեն, որ իրական թշնամին մեզ բոլորիս գաղութացնող կայսերական կենտրոնն է, որի դեմ այսօր պայքարում են մեր եղբայրներն ու քույրերն Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում, ինչպես և քառորդ դար առաջ, երբ ժողովրդավար ուժերի ներկայացուցիչները գալիս էին Երևան՝ յուրացնելու մեր պայքարի դասերը: Ավաղ, մենք ինքներս մոռացանք այդ դասերը:
Այսօր հայ-ռուսական հատուկ ծառայությունների համատեղ գործողությունները հիշեցնում են մեզ այդ համերաշխության անհրաժեշտության մասին, ինչպես որ հրկիզված անվադողերը հիշեցնում են Մայդանի այրվող անվադողերից շարված բարիկադները: Ազատությունն ազգություն չունի: Ստրկությունը նույնպես: Մենք կարող ենք ազատվել միայն միասին, համատեղ ուժերով, փոխօգնության միջոցով՝ ապացուցելով աշխարհին, որ մեր պայքարը նույնն է, որ մեր նպատակը նույնն է, որ մեր արժեքները նույնն են: Անգամ ջունգլիների գլխավոր օրենքը, որը յուրացրել էր Մաուգլին, ասում է` «Մենք քեզ հետ նույն արյունն ունենք` ես ու դու...»։ Ազատատենչ մարդկանց մեջ ընդունված է ասել. «Հանուն մեր և ձեր ազատության»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/869669913066564?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել