Նոյեմբերի 27-ին Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխպետքարտուղար Օրլովսկին դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության:

Փոխպետքարտուղարը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և պատրաստ է քննարկել արդյունավետ համագործակցությանն առնչվող բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել դրանց ակտիվացմանը: Տոմաշ Օրլովսկին հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Լեհաստանի հետ համագործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ակտիվացման և խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Առանձնահատուկ կերպով նշվեց լեհահայ համայնքի` երկու ժողովուրդների բարեկամության և ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի ու դերի մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել