Իմ ելույթը 27.11.14-ի ԵԽ լիագումար նիստում.
Հարգելի խորհրդարանականներ,
Երևի կհիշեք, մի քանի տարի առաջ՝ Բանակի օրվան ընդառաջ, քաղաքում փակցրել էին «Իմ զենքը…» խորագրով պաստառներ: Իսկապես, յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր զենքը՝ երգչի համար իր ձայնն է, լրագրողի համար՝ իր գրիչը, փայտահատի համար՝ իր սղոցն ու կացինը և այլն: Իսկ ո՞րն է քաղաքական գործչի զենքը: Ոմանք կասեն, որ Հայաստանում դա փողն է, ոմանք կհիշեն, որ թանկարժեք հեռախոսը, բայց մերօրյա իրականության մեջ քաղաքական գործչի զենքը, ցավոք, դարձել է տեսախցիկը, ավելի ճիշտ кляузник-ի տեսախցիկը: Մեզանում տարածված է, թե այս կամ այն սենսացիոն վիդեոնյութում հայտնվելը քաղաքական գործչի համար հաջող ապագա է սուլում, իսկ եթե այդ տեսանյութը նկարահանված է հենց իր կողմից, ապա ժողովրդական ճանաչումն ու սերն ապահովված են:
Դուք ուշադրություն դարձրե՞լ եք մեր որոշ ընդդիմադիր գործընկերների և ՔԱՂԱՔԱԿԱՆ քաղակտիվիստների դեմքերին, երբ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու կամ տեղի բնակչության զայրույթը շարժելու հետևանքով սկսվում է հրմշտոց: Նրանք ժպտում են: Այսուհետ խորհուրդ կտամ ուշադրությոն դարձնել՝ նրանք ժպտում են լայն ժպիտով՝ հավանաբար մտքում view-երը հաշվելով:
Քաղաքական գործչի զենքն իր ուղեղն է: Խնդրում եմ ավելի մեծ դեր հատկացնել դրան Ձեր զինանոցում:
Եվ վերջում կուզենայի մի նկատառումով կիսվել Ձեզ հետ: Բոլորս էլ ծանոթ ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ում սուր հարցադրումներն ու վերլուծականները միշտ սթափ և զգոն են պահում մեր կուսակցության ներկայացուցիչներին: Սույն թվականի նոյեմբերի 11-ին կայացած Աժ լիագումար նիստում պարոն Փաշինյանը, ելույթ ունենալով, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերին: Առաջին հայացքից շատ վեհ ու տրամաբանված քայլ: Սակայն կա մի բայց. այդ նույն օրը պարոն Փաշինյանն իր այդ առաջարկի տեսագրությունը տեղադրեց ֆեյսբուքում և յութուբում: Նշեմ, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու կոչի տեսագրության վրա տեղադրված էր վճարովի գովազդ:
Շնորհակալություն։