Ընկերոջս, Հայկ Մարությանի ոտքի վրա արված հարցազրույցը նայեցի, որ նկարվել էր Մաշտոցի այգում: Խոսեց այն մասին, որ լքված անկարգ այգին պետք է կարգի բերել եւ ոչ թե քանդել ու խանութ սարքել: Համաձայն եմ, ուղղակի նա մի քիչ սխալ է պատկերացնում իրավիճակը: Կամ շատ ավելի լավ կարծիքի է մեր իշխանավորների (եւ ոչ միայն) մասին:

Ի՞նչ է անում խանութպանը, եթե նրան խանգարում է իր ցուցափեղկի դիմացի ծառը: Կտրու՞մ է: Ոչ իհարկե: Պոկում է կեղեվը, տակը նավթ կամ կոռոսին լցնում: Ծառը չորանում է ու հետո արդեն «օրինականորեն» կտրվում որպես չոր ու, շատ հնարավոր է նաեւ, վտանգավոր ծառ:

Ի՞նչ է անում քաղաքի կենտրոնում լավ տեղին աչք դրած իշխանավորը: Նույն բանը: Այդ տեղը հասցնում լրիվ անկագ վիճակի: Իդեալական դեպքում հասցնում վթարային իրավիճակի, քանդում, եւ դարձնում կոմերցիոն տարածք: Վառ օրինակ՝ կենտրոնի մանկապարտեզները: սկզբում տնօրենները դադարում են մարդ ընդունել, նրանք դադարում են վերանորոգվել: Մարդիկ կամաց կամաց հրաժարվում են երեխաներին այնտեղ տալուց, հանձնաժողովը տարածքին տալիս է վթարային կարգավիճակ ու վերջ: տարածքը կարելի է սեփականացնել եւ այլն: Շատ կոպիտ ու պարզեցված սխեման եմ նկարագրում: Բայց իմաստը նույնն է ինչ որ ցուցափեղկի դիմացի ծառի դեպքում: Հասցնել էն վիճակին, որ իր ներկա տեսքով ծառը/մանկապարտեզը/այգին/գետնանցումը ավելի շատ վտանգ/աղբ/անհարմարություն պարունակի քան այն, ինչի համար որ նախատեսված էր: ԵՒ հասարակությունը չի տրտնջա, երբ այդ կիսավեր կառույցը «կարգի բերվի» կոմերցիոն հիմքերով:

Այսինքն այդ այգին եւ դրա նման շատ ու շատ այլ տարածքներ միտումնավոր չեն կարգի բերվում: Միտումնավոր են աղբակալվում: Որ հետագայում, որպես «վաղուց իր նշանակությւոնը կորցրած վայր» շինհրապարակ դառնան

Էսքան տարի աշխատել էր: Էս անգամ դա չաշխատեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել