Հայերիս մոտ միմյանց հանդեպ ունեցած, հաճախ ատելության հասնող, այսօրվա փոխադարձ անհանդուրժողականությունը գալիս է վերջին 25 տարիների խաբվածությունից: Շատերը միամտաբար չեն կարողանում հասկանալ, որ իրենց դեմ կանգնած էր մի ամբողջ պետական ապարատ, կենտրոնի գլխավորությամբ, հովանավորությամբ և մասնակցությամբ: Այն, ինչը կատարվում էր Հայաստանում, գորբաչևյան «պերեստրոյկա» դիմակահանդեսի մի մասն էր միայն: Կոմունիստները փորձում էին դիմակափոխության միջոցով փրկել կործանվող կայսրությունը, մի բան, որը հիմա շատ ավելի լավ է երևում ու շատերին պարզ դառնում: 

Սակայն, միևնույն է, դեռ մարդիկ շարունակում են հին իներցիայով իրենք իրենց խաբել, շարունակվող ներկայացմանը, շարունակվող խաբկանքներին նայել հին ակնոցներով: Երբեմն խոսում ես բավականին կրթված, ինտելեկտուալ անձնավորության հետ, բերում փաստեր մարդկության անցած ճանապարհից, որ բռնապետություններում իրական ընդդիմությունը լինում է կամ բարիկադների վրա, կամ ընդհատակում, կամ աքսորում (դրսում): Այն, որ մեզ մոտ ժողովրդավարության իմիտացիա է և բոլոր այդ՝ մեկ մեքենայի մեջ տեղավորվող «քաղաքական կուսակցությունները», երկու տասնամյակ շարունակ «իշխանափոխություն» պահանջող «ընդդիմադիրները» կամա թե ակամա մաս են կազմում «քաղաքական» շոուին՝ ապահովելով ժողովրդավարության իմիտացիան, լեգիտիմացնելով ու հարատևելով ռեժիմի կյանքը: Թվում է, թե մարդը հասկացավ և համոզվեց դրանում, սակայն զարմանալիորեն տեսնում ես՝ մի քանի օր անց կրկին ոգևորությամբ սկսում է «խփնվել» «ընդդիմադիր» այս կամ այն գործչի «պայքարի» նորամուծության վրա:

Ու սկսում ես մտածել, եթե այս տրամաչափի մարդը կրթված, փորձված, տեսած այսքան բանից հետո շարունակում է ինքն իրեն խաբել ու հետո էլի նույն կոտրած տաշտակի առջև հայտնվել, ի՞նչ կարելի է պահանջել հասարակ մարդկանցից, որոնց կարող է առաջին իսկ պատահած չարչին խաբել: Եվ հետաքրքիր է այն է, որ որքան համոզիչ, որքան փաստերով ու օրինակներով ես ներկայացնում իրողությունը, մարդիկ այնքան ավելի են ջղաձգվում, նեղանում, իսկ հաճախ նաև խռովում: Մենք ծնվել ու մեծացել ենք մի երկրում, որտեղ այլընտանքային կարծիք չի եղել, որտեղ կարծիքը մեկն էր, այն, ինչը պետությունը փաթաթում էր վզիդ, և դեռ մինչև հիմա մարդիկ չեն կարողանում ձերբազատվել իրենց մեջ նստած «միակ» տեսակետից, իրենց «ես»-ից, նույնիսկ եթե բերված հակափաստարկներն ու ապացույցները շարում ես իրենց դիմաց: Չգիտեմ, երևի ամեն օրվա մեր տեսածը, մեր գլխին եկածը դեռ քիչ է, դեռ էլի ժամանակ է հարկավոր, չէ՞ որ պատմության համար 25 տարին մեկ ակնթարթ է սոսկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել