Մի´ վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց:
Դուք չեք կորցնի նրան, ով պետք է Ձեզ կյանքում:
Կորում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար:
Մնում են նրանք, ովքեր ուղարկված են Ճակատագրի կողմից:
Գ. Գ. Մարկես
Մուտքի դռան մոտ հավաքվել են աշխատակիցներ ու նայում են համակարգչով տպված, ապակուն փակցված հայտարարությանը:
«Խոր վշտով հայտնում եմ, որ երեկ ձեզանից անժամանակ հեռացավ Ձեր սիրելի գործընկեր Ա. Տիգրանյանը»:
Մոտենալով` նայում եմ հավաքվածներին:
Որոշ աշխատակիցների աչքերն արցունքոտ են:
Աշխատանքի սկզբին դեռ տասը րոպե կա:
Ժամանեց հիմնարկի պետի ավտոմեքենան:
Բոլորն ինձ են նայում:
- Միայն քո նման հիմարը կարող էր սա անել,- Լիլիթի աչքերն արցունքոտ չեն:
Պետը` տիկին Բարսեղյանը, ձեռքով պոկեց հայտարարությունը, խիստ հայացքով հանդիմանեց ինձ, բացեց դուռն ու սահեց ներս…
Նրա` դեռ պահպանված կազմվածքը շատ կանանց նախանձն է շարժում:
Ինձ Լիլիթն է դուր գալիս: Ես Լիլիթին եմ սիրում:
Լիլիթը ինձնից երկու սեղան այն կողմ է նստում:
Սկսում եմ հավաքել իրերս:
Մոտեցավ քարտուղարուհին:
- Քո ազատման դիմումը վաղվա ամսաթվով է ստորագրված, այսօր կարող ես աշխատել, պարո´ն հանգուցյալ:
Լռում եմ: Նայում եմ կարճ շրջազգեստին, կազմվածքին, դեմքին, այնպես, ինչպես նայում են առաջին անգամ` գնահատողի հայացքով:
- Նո´ւն, ինչո՞ւ հանգուցյալ, ես գրել եմ հեռացավ, ի՞նչ վատ բան եմ արել, որ բոլորը ծուռ են նայում:
- Չգիտեմ, Նա ասաց,- նայում է Լիլիթի կողմը:
- Քո նմաններին որտեղի՞ց են գտնում, ասա´, ինձ շուտով պետք է գալու:
Համակարգիչս միացրեցի:
Երկու սեղան այն կողմից` նամակ` Լիլիթից:
Գլուխը կախել է ստեղնաշարին, կարծես անտեղյակ ամենից:
«Ապո´ւշ»:
«Լավ»:
«Էլ իմ տուն չգա´ս»:
«Լավ»:
«Բնակարանիս բանալին կդնես սեղանիս այնպես, որ ոչ ոք չտեսնի»
Ամբողջ հիմնարկը գիտի մեր հարաբերությունների մասին, բայց Լիլիթին այդպես չի թվում:
«Լավ»:
«Ատո´ւմ եմ»:
«Լավ»:
Չի նայում իմ կողմը, որ ժպտամ: Գիտի, որ ժպտալու եմ ու դրանից ավելի է բարկանալու:
«Շրջազգեստդ շատ է վեր բարձրացել, չեմ կարող չնայել, իջեցրու մի քիչ»:
Տաբատով է այսօր, դիտմամբ գրեցի:
«Դու միշտ նույն հիմա´րն ես եղել, հիմա´ր էլ կմնաս»:
«Լավ»:
«Ի՞նչ ես անընդհատ գրում լավ,լավ,լավ, ասելու բան չունե՞ս»:
«Ունեմ, սիրու~մ եմ»:
«Ինչ զզվելին ես, այսօր քո սիրած ճաշն եմ եփել»:
«Լավ»:
Դուրս գամ` ծխեմ միջանցքում, միևնույն է, տրամադրւթյուս խռովել է ինձնից, բանի նման չէ:
Միջանքում միայն Մարատն է:
- Դու աստված ունե՞ս:
- Ունեմ, Քամին է իմ Աստվածը, բորբոքում է սերս, կրակի նման:
- Մի բան հարցնեմ: Որ ազատվում ես գնաս, բա իմ պարտքերն ինչպե՞ս ես տալու:
Կպցնում եմ ծխախոտս, ծուխը ներս քաշելիս նայում եմ Մարատի աչքերին:
- Թո´ղ մեր պարտքերը մեզ, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Ա´յ, հիմա ես վստահ կարող եմ հավաստել, որ երբ ասում են աչքերը թռան ճակատին, իրոք որ թռնում են:
Նայում եմ Մարատի ճակատին ու դուրս գալիս շենքից:
* * *
Ավելի հեշտ է ներել նրան, ով ներողություն է խնդրում:
Սենյակ մտավ տիկին Բարսեղյանը:
- Գնա՞ց այդ.... այդ անբանը:
- Ձեզ ո՞վ է իրավունք տվել ,- Լիլիթը չհասցրեց վերջացնել:
- Դու էլ կարող ես ռադդ քաշել, իմ օֆիսը անբարոյականների տեղ չէ…
* * *
Աստճանավանդակում ցուրտ է, տհաճ:
Չգիտեմ բացե՞մ իմ բանալիով թե՞ ոչ: Իզուր բանալին չվերադարձրի: Հիմա չէի կասկածի ու կսեղմեի զանգի`ինձ այդքան ծանոթ երաժշտական ձայնի կոճակը:
Ի՞նչ է, պետք է նորի՞ց սկսել ամեն ինչ:
Արդեն երկու ծխախոտ ծխել եմ, բայց…
Լավ, մի հատ էլ ծխեմ, նոր կսեղմեմ զանգը:
Բանալիով չեմ բացի, երբեք:
Երբ փորձ արեց վառելու կրակայրիչը, որը միանգամից չմիացավ, հանկարծ տհաճ հոտ զգաց: Կարծես մի անծանոթ ձեռք հանգցրեց կրակայրիչն ու բռնեց նրա քթից:
Գազի տճաճ հոտը լցվեց քթերից ներս ու ստիպեց թոքերին սեղմվել:
Ինքն էլ չհասկացավ ինչու, մոռացած զանգի մասին, անմիջապես բացեց դուռը:
Անգույն մահացու գազը դուրս պրծավ բանտարկված բնակարանից ու տարածվեց աստիճանավանդակով մեկ…
Բազմոցին Լիլիթն էր…կարծես քնած:
Հանգիստ, դալկացած դեմքը թաքցրել էր սև հոգեվիճակը…
- Ինչո՞ւ, Լիլի´թ, ինչո՞ւ:
Մոռացած իր կատակասեր կյանքը` լալիս էր:
Լիլիթ անունով հողմն իր հուշապտույտն էր սկսել` տղայի գլխում պտտելով Լիլիթի բոլոր սովորույթները, ժպիտը, կենցաղը, համբույրները, գալարումները, կյանքի փոսերով գտնելու իր ճանապարհը, իր կյանքը, իր փոքրիկ բնակարանը սիրած տղամարդով լցնելու բնական պահանջը:
Աստղագուշակով երկուսն էլ` խեցգետին, բնավորությունների նմանության պատճառով անընդհատ վիճաբանում էին ու իրարից նեղանում մինչև անկողին մտնելը, երբ արդեն խանգարողը դառնում էր ցանկալի մի գիշեր…երբ իրարից ժամանակվոր հագեցած մարմիններից ամեն մեկն իր հերթին մտածում էր. «Չեմ դիմանա քո փոթորիկ գոյությանը, ես սիրում եմ քո աչքերը, շուրթերը, պիրկ մարմինը, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչո՞ւ նեղացրեցի քեզ …»
Ակնթարթն ավարտվեց, երբ Լիլիթի ձախ կոպը թրթռաց:
Լիլիթին ձեռքերի վրա` աստիճաններով վազեց դեպի բակ…
* * *
Վերակենդանացման պալատ-սենյակում պայքար էր գնում բժիշկների ու կյանքին հրաժեշտի փորձ արած, իր կյանքը գնացքի ռելսուղու վրա դնելու համար տանջված մի չքնաղ էակի միջև, որի նպատակը հաստատ այս կայարանը չէր, այս մահվան ու կյանքի սահմանագիծը: Անհայտ էր պատճառը:
Անհայտ էր նաև, թե ինչո՞ւ մեկ երևում, մեկ կորում էր կյանքի նշաններ ցույց տվող սրտի թույլ բաբախումը:
Բազմաթիվ անգամ էկրանին երևալուց ու կորչելուց հետո սիրտը հանգստացավ:
Սրտի աշխատանքը ցույց տվող էկրանի ուղիղ գիծը հայտարարեց պայքարի ավարտը:
Միջանցքի աթոռին նստած տղայի հայացքը գետնից բարձրացավ ու գամվեց պալատից դուրս եկող բժշկուհու տխուր աչքերին:
Հասկացավ:
Չհավատաց:
Վազելով` ճանապարհը փակող բժշկուհուն հրեց-գցեց գետնին: Բժշկուհին ընկավ, գլուխը հարվածեց պատուհանի տակ գտնվող ջեռուցման մարտկոցին:
Գլխից սկսեց արյուն գալ:
Մի կողմ հրեց նաև պալատի մուտքից դուրս եկող երիտասարդ բժշկին ու վազելով` մոտեցավ կենդանության նշաններ ցույց չտվող Լիլիթին:
Բռնեց ձեռքը: Լիլիթի ափը սեղմեց այտին: Ափը դեռ տաք էր:
- Մի´ գնա, խնդրում եմ, ինձ մենակ ես թողնում, չեմ դիմանա առանց քո փոթորիկ գոյության, ես սիրում եմ քեզ, Լի´լ ջան, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչո՞ւ նեղացրեցի քեզ …ինձ շատ տճաճ է քո այս հրաժեշտի ձևը, այսպես դու գեղեցիկ չես, իմ աստվածը՝ Քամին, ինձ օգնելու փոխարեն փչեց-հանգցրեց իմ մոմը, մի´ գնա, հա՞… >
Դռան մեջ կանգնած բժիշկների ու հետաքրքրասեր հիվանդների աչքերը թաց էին:
…Մահվան սենյակի լռության մեջ լսվում էին տղայի սրտի չափից ավելի արագ բաբախումները…
… որոնք մի պահ կանգ առան, հետո կարծես անցնելով աղջկա ձեռքի ափով, դավաճան էկրանի վրա երևացող գծին ստիպեցին թույլ տատանվել:
Տղան զգաց երկու սրտի ոչ համահունչ բաբախում:
- Բժի´շկ,- բղավեց տղան:
Ձայնից, թե ձայնի բարձրությունից վախեցած Լիլիթի սրտի աշխատանքն արագացավ:
Ներս վազեց բժշկուհին, որի գլխից դեպի այտերը դեռ ծորում էր արյունը ու խառնվելով արցունքներին` հավաքվում զարմացած շուրթերի մոտ:
* * *
Սենյակում գազի հոտը դեռ չէր անցել:
Տղան նստած էր աթոռին՝ գլուխը դրած աղջկա ձեռքին:
- Ի՞նչ անեմ քեզ համար, ասա´:
- Ուզում եմ կարմիր վարդեր, ուզում եմ սենյակից գա վարդերի խելքահան անող բուրմունքը, կբերե՞ս:
Լիլիթը քնած էր, երբ սենյակ մտավ տղան` կարմիր վարդերի փունջը ձեռքին:
Նայեց չորս կողմն ու հարմար տարա չգտնելով` սկսեց վարդերը շարել անկողնով մեկ:
Լիլիթը աչքերը բացեց, ժպտաց տղային:
Հետո կիսանստած սկսեց նայել անկողնու վարդերին:
- Ինչո՞ւ տասը հատ: Պետք է կենտ լինի, խելա~ռ…
- Ինչու՞ տասը, տասնմեկն են:
Փնտրեց հայացքով, չգտավ: Հետո մանկան հայացքով հարցական նայեց տղային:
- Տասնմեկերորդը Դու ես…
Տղայի շուրթերը փաթաթվեցին աղջկա շուրթերին:
Մեկ սենյականոց փոքրիկ կյանքը բուրում էր խելակորույս:
Անկողնուն փռված վարդերը բուրում էին տաք:
…իրարից ժամանակավոր հագեցած մարմիններից ամեն մեկն իր հերթին մտածում էր.
«Չեմ դիմանա քո փոթորիկ գոյությանը, ես սիրում եմ քո աչքերը, շուրթերը, պիրկ մարմինը, ես գի´ժ եմ, հիմա´ր, ապո´ւշ, ինչու՞ նեղացրեցի քեզ …ա~խ, ի~նչ խենթ են բուրում շուրթերդ»: