Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, պաշտոնաթող դիվանագետ Արա Պապյանը, անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ կործանված ուղղաթիռին, նկատեց, որ մխիթարվում ենք նրանով, որ կարողացանք սպաների դիակները դուրս բերել, դա մխիթարություն է ընտանիքին, բայց որպես պետություն, այդ ապտակը մենք չենք վերադարձրել: «Ի վերջո, մենք մոռանում ենք, որ այդ ամեն ինչից բացի այդ ուղղաթիռը գին ունի, դա մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք է»,- ասաց Արա Պապյանը։

- Պարո՛ն Պապյան, վերջերս մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել եք, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև ինչ ելք ունենա պատերազմը՝ հաղթի հայկական կողմը, թե ադրբեջանական, պարտվելու է British Petrolium-ը, որը միլիարդներ է ներդրել տարածաշրջանում: Սակայն Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացել իտալացի վերլուծաբան Աննա Մացցոնեի «Հայաստան-Ադրբեջան. Պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ» վերնագրով հրապարակումը, որում նշվում է, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի տակ է հենց Ցեղասպանության 100 ամյակի հիշատակման նախօրեին: Չե՞ք կարծում, որ 2015–ը, իրոք, կարող է «մոգական» տարեթիվ լինել Ադրբեջանի համար՝ որպես խորհրդանշական տարեթիվ:


-Ես այդպես չեմ կարծում մի շարք մեծ և փոքր պատճառներով: Մեծ պատճառներից են իմ նշած տնտեսական կորուստները, որոնք կունենան և՛արևմտյան ներդրողները, և՛ Ալիևի ընտանիքը: Չմոռանանք, որ ամեն մի ամիսը, որ այդ նավթը վաճառվում է, այդ ամեն մի ամիսը Ալիևի ընտանիքին տասնյակ միլիոններ է տալիս, և պատերազմը դա դադարեցնելու է: Մյուսը՝ Ադրբեջանի դառը փորձն է, այն, որ իշխանափոխությունը մշտապես այդ երկրում տեղի է ունենում պատերազմի հետևանքով, Ղարաբաղի պատերազմի հետևանքներով: Միշտ այդպես է եղել: Եվ հնարավոր չէ, որ պատերազմը ընթանա հալած յուղի պես, և ի սկզբանե հայտնի է, որ, անպայման, տատանումներ կլինեն՝ անկախ վերջնական հաղթանակից, եթե տեսականորեն նայենք, որ Ադրբեջանը նման հույս ունենա: Եվ անգամ ընթացքի մեջ առաջանալիք դժվարություններից ցանկացածը ադրբեջանական տեղական ընդդիմությունն օգտագործելու է Ալիևին գցելու համար: Հիմա ասել, որ պատերազմական քամիներ են, այո՛, ընդհանուր առմամբ այդպես է: Ի վերջո, մենք տեսնում ենք էսկալացիայի աճ, այսինքն՝ եթե երկու տարի առաջ ունեինք սնայպերական պատերազմ, հետո այն վերաճեց դիվերսիոն խմբերի պատերազմի, ապա այսօր դա արդեն երկինք է բարձրանում: Եվ, բնականաբար, պետք է հայկական կողմը դրան պատասխան տա, որովհետև առանց դրա մենք կկորցնենք ամեն ինչ: Հետևաբար, ամփոփելով, ասեմ, որ պատճառներ կան, որոնց բերումով չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա պատերազմի: Դրանցից է օրինակ՝ Համաեվրոպական առաջին խաղերը, որոնք նախատեսվում է Բաքվում: Եվ իմ կարծիքով՝ սա ուղղակի Բաքվի համար ոչ թե պատճառ է, այլ պատրվակ՝ նման քայլի չգնալու համար, որովհետև Ալիևն ու Ադրբեջանը մի կողմից հոխորտալից բաներ է անում, բայց մյուս կողմից անընդհատ զանազան պատրվակներ է ստեղծում՝ դրանք երեսը փրկելով՝ չիրականացնելու համար: Ուղղակի սին պատճառներ են, և մի ժամանակ դա Ռուսաստանի գործոնն էր, ասում էին՝ «դե, Ռուսաստանը կմիջամտի», հիմա տեսնում են, որ առանձնապես Ռուսաստանը չի էլ միջամտում, հիմա ուրիշ պատճառներ են գտնում: Այնպես որ, համաձայն չեմ իտալացի այդ վերլուծաբանի հետ: Ինչ վերաբերում է 2015 թվականին, այն տրամաբանական է, բայց հավանական չէ:

-Ուղղաթիռի միջադեպից հետո միջազգային հանրության արձագանքը ինչպիսի՞ն էր. հայաստանյան փորձագետները դժգոհում են, որ հերիք է, անհասցե, պարիտետային հայտարարություններ են անում: Այս լրահոսի մեջ նկատե՞լ եք հայտարարություն, որում որպես միջադեպի պատասխանատու մատնանշվի Ադրբեջանը:

- Այսքան ժամանակ բոլոր հայտարարություններին, որոնց ծանոթ եմ, միայն մի տեղ էր նշվում, որ ադրբեջանցիները հայկական ուղղաթիռ են խփել, դա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հայտարարությունն էր, որում հստակ նշվեց, որ ադրբեջանական կողմը հայկական ուղղաթիռ է ոչնչացրել: Ինչո՞ւ, որովհետև, մյուս դեպքերում, առհասարակ, խոսվում էր միայն խոցված ուղղաթիռի մասին: Այդ թվում նաև՝ Ռուսաստանինը:

-Նկատի ունեք Բորդյուժայի հայտարարությունը, բայց ինչո՞ւ բավականին կոշտ էր:

-Չէ , նկատի ունեմ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, իսկ Բորդյուժայինը, այո՛, ավելի կոշտ էր, որովհետև նա հանդես եկավ ոչ թե որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, այլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Իսկ մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը նկատի ունենալով՝ ասեմ, որ այնքան էլ սուր չէր: Այսինքն՝ բացի սուր լինելուց, կարծում եմ՝ Բորդյուժան ոչ թե հայտարարություն պետք է աներ, այլ դիմեր գործողությունների, քանի որ ի՞նչ էր տեղի ունեցել. հարձակում հայկական զինուժի վրա, հարձակում Հայաստանի վրա:

- Այսինքն՝ ՀԱՊԿ-ը պատերա՞զմ հայտարարեր Ադրբեջանին:

-Բա ինչո՞ւ ենք ՀԱՊԿ-ի անդամ, և իրենք ոչնչացնում են հայկական զինուժը՝ ուղղաթիռը: Սա ուղղակի հարձակում է, բա ՀԱՊԿ-ն էլ ե՞րբ պետք է արձագանքի, նրանք ի՞նչ պետք է անեն ՝ Երևանը ոչնչացնեն, նո՞ր: Այնպես որ, չեմ ասում՝ պատերազմ հայտարարել, բայց կարելի էր և ավելի կտրուկ հայտարարություն անել: Կամ՝ ինչ–որ կտրուկ քայլ՝ նոր զինատեսակների կամ ուղղաթիռի մատակարարում Հայաստանին: Ի վերջո, մենք մոռանում ենք, որ այդ ամեն ինչից բացի այդ ուղղաթիռը գին ունի, դա մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք է: Եվ մխիթարվում ենք նրանով, որ կարողացանք սպաների դիակները բերել, դա մխիթարություն է ընտանիքին, բայց որպես պետություն, այդ ապտակը մենք չենք վերադարձրել: Եվ այսօր մենք դեռ ապտակված ենք և շատ վատ ապտակված, որովհետև իրենք ոչնչացրել են 3 սպա և ուղղաթիռը: Եվ եթե մենք ոչինչ չանենք, ապա վաղը ոչ թե ապտակելու են, այլ գոտկատեղից ներքև են խփելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել