Հիշում եմ, ընդամենը 8 տարեկան էի: Անկախության հանրաքվեից օրեր առաջ երեխեքով հավաքվեցինք մեկի տանը, թղթի բազմաթիվ կտորներ պատրաստեցինք ու վրան գրեցինք` «Անկախություն», տակն էլ` ԱՅՈ և ՈՉ (ՈՉ-ը` «խաչուփաչով»):
Հետո սկսեցինք դրանք տարածել, փակցնել ամեն տեղ` ծանոթ-անծանոթ ավտոմեքենաներին, բնակարանների դռներին, պատուհաններին:
Գրեթե բոլորը, մեր ակցիայից ոգևորված, գովասանքի խոսքեր էին ասում մեզ: Բայց հիշում եմ նաև մի մարդու, ով կարդալով իր ավտոմեքենային փակցված թղթի բովանդակությունը, կատաղած դուրս թռավ, պատռեց թուղթն ու հարձակվեց մեզ վրա: Սարսափահար փախանք…այդ մարդու դեմքը լավ տպավորվել է մեջս` սուր-սուր բեղերով, նեղ գլխով, ճկույթի եղունգը երկարացրած մի մարդ էր: Հաստատ դրա մեջ թուրքի արյուն կար, որովհետև անհնարին էր համատարած ազգային այդ ոգևորության մեջ դեմ գնալ Անկախությանը:
Չեմ զարմանում, այդպիսիք հիմա էլ կան, որ Անկախության ձեռքբերումը համարում են անիմաստ ու անարժեք մի բան, այդպիսիք միշտ էլ կլինեն, կարևորը, որ դրանք լինեն չնչին, ինչպես Անկախության հանրաքվեի արդյունքում էին`ընդամենը 1 տոկոս 99-ի դեմ…
Զարմանում եմ ուրիշ բանի վրա` մենք, որ ընդամենը յոթ, ութ տարեկան երեխաներ էինք, ինչպե՞ս էինք այդ ամենը գլուխ բերել…Փաստորեն, կարգին ակցիա էինք կազմակերպել ու այդ ամենը մեր` երեխաներիս նախաձեռնությամբ, առանց որևէ մեկի ուղղորդման, առանց “գրանտների”…
Բայց ոչ, ուղղորդում կար` մեզ ժամանակի ոգին էր ուղղորդում, ժամանակ, որը ներծծված էր առողջ բանականության, համախմբվածության, սիրո, վստահության ու հավատի մթնոլորտով:
Հիմա չեմ մեղադրի ութնամյա այն երեխային կամ 16-ամյա հասուն պատանուն, ով պետության համար կարևոր ու շրջադարձային իրավիճակում լինի անտարբեր և ոչ ադեկվատ : Չեմ մեղադրի, որովհետև այդպիսին չլինելու համար մարդ նախ և առաջ պիտի լինի առողջ բանականության, համախմբվածության, սիրո, վստահության ու հավատի մթնոլորտում:
Հուսանք, որ այդ մթնոլորտը դեռ կվերականգնվի, հավատանք, որ մեր առջև կանգնած խնդիրներն անցողիկ են, իսկ մնայունը 21 տարի առաջ ձեռք բերածն է, որն արժեք է ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ…