Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի դեպքով նշանակված ծառայողական քննությամբ պարզ կլինի միջադեպի մանրամասներն ու ամբողջական պատկերը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցված ուղղաթիռի մասերը փորձաքննության կենթարկվեն, իսկ սև արկղերը  կվերծանվեն Հայաստանում՝  մեր մասնագետների կողմից:

ՊՆ մամլո խոսնակը հավելեց նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա ուսումնասիրության ենթարկված բոլոր նյութերը կտրամադրվեն միջազգային կազմակերպություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է հայկական «ՄԻ-24»  ուղղաթիռը, որում գտնվել էին անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Օրեր շարունակ ադրբեջանական ԶՈւ-ն կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը, թույլ չտալով հայկական կողմին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հատուկ գործողության մասնակիցներին՝ 4 հոգանոց խմբին, հաջողվեց  օդաչուներին  տարհանել, և երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  զինվորական արարողակարգով տեղի ունեցավ օդաչուների հուղարկավորության արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել