ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱԶՄԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ…»

- Գիտեմ, որ տևական ժամանակ հարցազրույցներ չեք տվել, առողջական խնդիրները խանգարել են շփումների համար: Բայց Սոս Սարգսյանի խոսքի կարիքը բոլորն են զգում, հանրություն կոչվածն իսկապես կարոտ է իր մեծ մտավորականի խոսքին:

- Չէի ուզենա, որ էդպես սկսվեր մեր զրույցը: Հիմա երևի խոսքի կարիք ոչ ոք չի զգում: Առավել ևս հայ մտավորականի, որին մի տեսակ մոռացել են, Թող հոռետեսական չլինի, բայց ասեմ, որ հայ մտավորականությունն իր տեղն է կորցրել ժողովրդի մեջ, մինչդեռ համոզված եմ, ու էդպես է եղել միշտ, որ մտավորականը պիտի առաջնորդվի աշխարհի պատմությամբ և էդ պատմության մեջ պիտի կարևորի իր խնդիրը՝ հոգևոր արժեքների ստեղծման, ազգային արժանապատվության պահպանման հարցերում: Մեկ-մեկ հայացք եմ հառում մեր պատմությանը, մեր երեկին ու տեսնում եմ, որ մտավորականությունն է եղել հասարակական նախապատվությունների քարոզողը: Այսօր իրավիճակը, էդ առաքելությունը փոխվել են: Մտավորականության ձայնը լսելի չէ, որովհետև քսան-քսանհինգ տարի առաջ անկախության ճանապարհը բռնելով՝ ինքներս չպայքարեցինք անկախության համար: Այն մեզ տրվեց… Ու երբ պայքար չկա, երբ այդ պայքարի մեջ մտավորականի ձայնն ու տեղը չկա՝ նույն էդ մտավորականությունը կորցնում է ոչ միայն իր արժեքը, այլև ամեն ինչ անում են, որպեսզի անշիտակ ու հստակ միջոցներով լռեցնեն մտավորականությանը… Իշխանությունն ամեն ինչ կարծես անում է, որ մտավորականությանը դուրս մղի, բայց իշխանությունից զատ՝ նույն էդ մտավորականությունն է ինքն իրեն դուրս մղում իր լռելով, համաձայնելով… Հիմա մեր մտավորականությունը լռության և ինքնապարփակման մեջ է: Դրա համար էլ՝ չգիտեմ, ինչ եմ ասելու ու ինչու եմ ասելու: Ու ինչ-որ մեկին պե՞տք է էն ամենը, որ ես մտածում եմ…Մտավորականը պիտի հրաժարվի իշխանավորի հետ փիլիսոփայելուն: Շատ ենք սիրում վերացական, աննյութական զրույցներ վարել: Մինչդեռ մտավորականը իշխանավորից հաշվետվություն պահանջի... Մտավորականը պիտի ձևավորի և զարգացնի հասարակական կարծիքը, որպեսզի նաև հասարակություն լինի, հասարակություն ձևավորվի: 

- Եվ, այնուամենայնիվ, թույլ տվեք չհամաձայնել ձեր խռովքին: Լռելու ձեր որոշմանը: դուք ասացիք, որ բոլոր ժամանակներում, պատմության տարբեր հատվածներում, մտավորականությունը պիտի կարևորի իր տեղն ու դառնա ազգային արժանապատվության պահպանողը: Հիմա շատ ենք խոսում արժեքների ոչնչացման, մեր նախկին ձեռքբերումներից հեռանալու մասին: Եթե դուք չխոսեք, ձեր ձայնը չհնչեցնեք, էլ ո՞վ է դա անելու:

- Մեր հասարակություն կոչվածը դարձել է բազմագլուխ մի հրեշ, որը միայն ու միայն մտածում է սպառողականության մասին: Դրա համար էլ ասում եմ, որ հասարակություն չունենք, հասարակության հիմքերը չենք կառուցել: Հասարակություն ասվածը շատ վեհ բան է, այն ազգի ու ժողովրդի հավաքականությունն է, որը հենվում է բարոյական, նյութական, հոգևոր արժեքների վրա: Ու նաև այս արժեքների ստեղծման մեջ մտավորականը նաև պիտի կրթի հասարակությանը, պիտի ամեն ինչ անի, որպեսզի կայանա հասարակությունը: Մեր մտավորականությունը, ցավոք, այդ հնարավորություններից զրկված է: Հայ մտավորականն էդ ամենն անելու ու նաև ստեղծագործելու, արարելու ժամանակ չունի, հոգեկան կեցության հետ կապված խնդիրներ ունի: Բայց նաև ասեմ, որ մեր մտավորականության մի զգալի մասն առաջնորդվում է խղճվ, էն զգացղությամբ, որ չի կարող հեռու քաշվել էն ամենից, ինչն իր շուրջն է կատարվում… Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ: Խռովքս գալիս է հենց հասարակության չկայացվածությունից, էն բազմաթիվ խնդիրներից, որոնք էսօր եկել ու կանգնել են մեր առաջ: Հայրենասիրության պակասի խնդիրը, մեր հոգևոր արժեքների հանդեպ անտարբերության խնդիրը… Շատ են… 

- Կարո՞ղ ենք հոգևոր արժեքների հանդեպ ձևավորված անտարբերության մեջ ներառել նաև ձեր գլխավորած «Համազգային» թատրոնի շենքի կառուցման խնդիրը: Հիշենք, որ շարունակվում են տարբեր դիրքորոշումները, ոմանց դիմակայությունը՝ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ շենքի կառուցման հանդեպ:

- Խորհրդային տարիներին մեր երկրում թատրոնների համար շենքեր չեն կառուցվել: Գլխավորապես հարմարեցվել են, թատրոնը բերել ու տեղավորել են հաճախ էնպիսի շենքերում, որոնք որևէ կապ չունի թատրոնական կառույցի ու նրա առանձնահատկությունների հետ: Քսան տարուց ավելի մեր թատրոնը մի տեղից մյուսն է թափառել՝ հիմա անգամ չունենալով իր շենքը: Ու հրաշալի առիթ է ստեղծվել մեզ համար ունենալու վերջապես թատրոնական շենք, մեր պետությունն առաջին անգամ թատրոն կառուցելու որոշում է կայացրել: Երբ պետությունը հնարավորություն ու ցանկություն է ունենում թատրոն կառուցել, նշանակում է՝ կամաց-կամաց գալիս ենք դեպի մեր ազգային նկարագիրը, գալիս ենք դեպի ճշմարիտ հոգևորը: Նշանակում է նաև, որ աշխարհում մեր տեսակն ու տեղը հաստատելու կարևոր քայլերն ենք անում… Հիմա ինչ-որ մարդիկ դեմ են դուրս եկել էս գաղափարին: գուցե իրենք ճիշտ են, գուցե կան ինչ-որ ճարտարապետական պատկերացումներ, որոնք գուցեև արգելում են նշված տեղում թատրոնի շինարարությանը: Բայց դրանք ավելի զորավոր չեն, քան թատրոն ունենալու, Երևանի կարևորագույն հատվածներից մեկը թատրոնով իմաստավորելու գաղափարը: Մեր մայրաքաղաք եկողներին ինչքան էլ զարմացնենք բարձրահարկ շենքերով ու ռեստորաններով, մեկ է, ամեն մեկը պիտի փնտրի այն կարևոր հաստատությունները, որոնք մեր նկարագիրն ու էությունն են ներկայացնում, մեր մշակույթն են ներկայացնում: Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնք, փառք Աստծո, այսօր նման են աշխարհի շատ ու շատ երկրներում կառուցված լավագույններին: Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի: Բայց, իհարկե, թատրոն չենք կառուցում միայն օտարներին ցույց տալու համար: Ազգին կրթելու լավագույն տեղերից մեկը թատրոնն է, ազգի քաղաքակրթության ասիճանը պիտի բարձրանա թատրոնով, մշակույթով, գրականությամբ...

- Տասնամյակներ շարունակ դուք հենց մշակույթին եք ծառայել, կինոյում ու թատրոնում կերպարներ եք ստեղծել՝ ինչպես հաստատել եք՝ առաջնորդվելով բարոյականության և գթասրտության դրույթներով: Ձեր ստեղծածով բացահայտել եք մարդու հանդեպ սիրո գաղտնիքը: Արդյո՞ք ավարտված եք համարում ձեր ստեղծագործությունը:

- Ես հասել եմ մի տարիքի, որ, իսկապես, արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ, ինչին ձգտել եմ: Ասել, թե ինձ հաջողվել է ամեն ինչ անել՝ սխալ կլինի, որովհետև ստեղծագործությունն ինքնին անվերջ է, անհատակ ծովի է նման: Ստեղծագործությունը ներշնչանքի հետ է կապակցված: Իսկ ներշնչանքը երբեք չի ավարտվում... Հիմա հեռու եմ թատրոնում դերեր խաղալու գաղափարից, որովհետև բեմը ծերություն չի սիրում, հոգնածություն չի սիրում: Էդ տեսակ դերասանների նկատմամբ խղճահարություն է առաջանում, հանդիսատեսը սպասում է, թե նա երբ է հեռանալու բեմից... Ես հիմա ամեն ինչ անում եմ էն ջահելների համար, ովքեր թատրոն են եկել, դիմանում են ցածր աշխատավարձին, դժվարություններին: Զարմանալի ուժ կա նրանց մեջ, զարմանալի նվիրվածություն... Գիտեմ, որ պարտավորվածություն ունեմ նրանց հանդեպ, իսկ ամենամեծ պարտավորվածությունս շենքի կառուցումն է: Գուցե ես չտեսնմ էլ ավարտված վիճակում, բայց հանգիստ կլինեմ, որ նրանք ունեցան այդ շենքը: Թատրոնում ես միշտ էլ անբավարարվածության զգացումն եմ ունեցել, միշտ էլ դժգոհ եմ եղել իմ արածից, որովհետև մեր նյութը մարդն է, մարդու էությունն է, իսկ դրա լիակատար ներկայացման համար մարդկային ուժն ու տաղանդը քիչ են... Միայն հանճարեղ Նարեկացին կարողացավ լիովին հասկանալ մարդուն: Շեքսպիրն էլ հասկացավ: իսկ մենք բոլորս ճանապարհին ենք եղել ու կանք: 

- Գրում եք նաև, գրքեր հրատարակում: Արդյո՞ք այդպես չեք կամենում հայտածել ձեր մեջ նստած գրական ձիրքը, ստեղծագործելու բոլորովին այլ ազդակները:

- Ես գրող չեմ: Ես իմ խոհերն ու մտորումներն եմ թղթին հանձնում՝ ոչ թե բեմում կիսատ թողածս գրականությամբ լրացնելու, այլ նաև էսպես իմ խոսքն ու ցավը տեղ հասցնելու համար: Ես իմ ընկերների մասին եմ գրել, մեր մեծերի հետ կապված հուշերի պատառիկներն եմ իրար գլխի հավաքել, նաև իմ պապերի մասին եմ գրել... Ի՜նչ հրաշալի զգացողություն է՝ հիշել արմատները, հիշել էն սերմը, որը հողի մեջ ընկնելով՝ տոհմածառ է դարձել, քո պապերի ու քո կենսագրությունն է դարձել... Ես սյուժեներ չեմ հորինում: Դրանք թող գրողները հորինեն: Իմ սյուժեներն իմ հուշերն են, իմ մտորումներն են: Ես իմ մի քանի լավ ընկերների մասին իմ խսքն եմ ասել՝ հրանալով ւ հպարտանալով նրանցով, նրանց արածի մեջ մեծ ու կարևոր, մեր գոյության համար պիտանի բաները շեշտելով: Եթե ես չգրեի՝ իմ մտքերն ու զգացածները կկորչեին, կգնային: Բայց ես ուզում եմ, որ նրանց մեր ջահելները նայեն նաև իմ աչքերով: Հա, մի անգամ էլ վերադառնամ քո էն հարցին, թե արդյոք իմ ստեղծագործությունն ավարտվել է: Այ, էդ գրքերի մեջ ես հանկարծ տեսնում ու հայտնագործում եմ, որ երբ նստում եմ գրասեղանի առաջ ու հուշերիս հետ եմ զրուցում՝ նորից զգում եմ, որ ստեղծագործելու կիրքը երբեք մարդու մեջ չի ավարտվում: Դա բնությունից եկող ու բնությամբ խմբագրվող մի բան է: Ես նայում եմ մեր ջահելների աշխատանքները ու մտովի սկսում եմ ուղղել, սրբագրել, մի բան ավելացնել: Դա նույնպես ստեղծագործություն է: Բայց, իհարկե, պասիվ, ուրիշի ստեղծագործության քո ներշնչանքն է:

- Շատ եք կարևորում ջահելներին, շատ եք խոսում նրանց մասին: Նրանք էլ, գիտեմ, ձեզ շատ սիրում են, շատ հարգում: Թատրոնում բոլորը ձեզ պապ են ասում...

- Բա պապ չեմ, ի՞նչ եմ... Դե, տարիքս պապի տարիքից էլ անցել ու մոտեցել է ապուպապի տարիքին... Ջահելությունը լավ բան է, առանց ջահելության՝ ազգ, պետություն ու ժողովուրդ չի կարող լինել: Մենք իսկապես շատ լավ ջահելություն ունենք: Չեմ ընդունում այն բոլոր տրտունջները, թե ջահելությունը լավը չէ, թե մեր նման չէ: Լավ է, որ մեր նման չէ, որովհետև ավելի առաջադեմ է, ավելի ազատ ու համարձակ է: Ժամանակը զգացող է, այդ ժամանակի մեջ սեփական ես-ը հաստատող է: Իհարկե, շատ խնդիրներ ունի ջահելությունը, կիսատ-պռատ տեղեր շատ կան, բայց ինձ ուրախացնում և ոգևորում է այն զարմանալի նվիրվածությունը, որն ունի էս ջահելությունը: մենակ մնում է, որ մեր արժեքներին տեր դառնա, գուրգուրի և փայփայի մեր արժեքները: Իր արժեքները չիմացող ժողովոփւրդը միշտ էլ կարող է ոտքի տակ ընկնել, ոչնչանալ: Ես ուզում եմ, որ մեր ջահելությունը ժամանակի զգացողության հետ նաև ազգայինի, հայեցիի զգացողությունն ունենա, հայրենասիրության պակաս չզգա... Էսօր Եվրոպան այլասերվում ու ոչնչանում է, որովհետև շատերի գիտակցությունից դուրս է մնացել ազգայինի գաղափարը, իսկ մենք իրավունք չունենք տրվելու էդ հոռի բարքերին ու մտածողությանը, իրավունք չունենք կուրորեն հետևելու այն ամենին, ինչ կատարվում է: Մեզ պատմությունը նման շռայլությունների իրավունքը չի տվել…

Զրուցեց՝ Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել