Tert.am-ը գրում է․
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Միացյալ ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանանին և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային:
Վերա Բրեժնևան ընդգծել է, որ այցի շրջանակում հանդիպելու է ՄԻԱՎ խնդրին բախված կանանց, որոնց հետ շփվելու է և ճաշելու, այդ քայլն ուղղված է հասարակությանը ցույց տալու, որ հիվանդությունը չի փոխանցվում նման եղանակով` բացառելով խտրական վերաբերմունքը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա կարևորել է այն առաքելությունը, որով պատվիրակությունը ժամանել է մեր երկիր:
«ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման առաջին ազգային ծրագիրը մեր երկրում մեկնարկեց 2002 թվականին: Այժմ մենք իրականացնում ենք ազգային երրորդ ծրագիրը, հաշվի առնելով, որ վարակի հիմնական թիրախային խումբը միգրացիոն գործընթացների հետևանքով են ձևավորվում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` խնդրի դեմ պայքարում հիմնական խնդիրներից մեկը վարակակիրների ուշ դիմելիությունն է: Առողջապահության նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն կարևոր փաստի վրա, որ Հայաստանում 2001 թվականից դոնորական արյան միջոցով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
«Իսկ 2007 թվականից ինտենսիվ աշխատանքի արդյունքում չի գրանցվել մորից երեխային վարակի փոխանցման որևէ դեպք, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է: Վստահ եմ, որ Ձեր առաքելությունը ևս մեկ անգամ կընդգծի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարևորությունը մեր երկրում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նա բարձր է գնահատել նաև ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, ինչպես նաև ոլորտում աշխատող հասարակական կառույցների դերը հիվանդության կանխարգելման և պայքարի գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



