Ժառանգության շուրջ ծավալվող իրադարձությունները հուշում են նոր քաղաքական զարգացումների մասին: Ինչպես հիշում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ դժգոհել էր Եռյակի ներսում չհամաձայնեցված որոշումների մասին և Եռյակի որոշ ներկայացուցիչներ, մեկնաբանելով Րաֆֆու ասուլիսը, ասել էին, որ նրանք բացառապես հենվում են Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքի վրա:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը՝ կապված ընդդիմադիր պատգամավորների շրջանակներում ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, քաղաքական դաշտում նոր հնարավոր խմորումների առիթ է դառնում:
Փաշինյանի հարցազրույցից հետո նրա հայտարարությունը տարբեր ձև էին մեկնաբանել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը: Մասնավորապես՝ Փոստանջյանը ողջունել է Փաշինյանի կոչը և հայտարարել, որ միանում է նրա նախաձեռնությանը: Ժառանգության պատգամավորը հավելել է, որ սա քննություն է հատկապես այն ուժերի համար, ովքեր մինչ այս որպես առանցքային հարց դիտարկում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ժառանգության «ոչ իշխանական թևը», բնականաբար, շարժվելու է Եռյակի հրահանգով և դժվար է պատկերացնել, որ ոչ իշխանակնները կողջունեն և համագործակցության ձեռք կմեկնեն Նիկոլ Փաշինյանին:
Ստացվում է, որ Ժառանգությունը հնարավոր է բաժանվի երկու մասի՝ Ժառանգության «ոչ իշխանական թև» և փաշինյանական թև: Կարծում եմ՝ այս հնարավոր բաժանումը վարակիչ է լինելու նաև ողջ ընդդիմադիր դաշտում:
Ինչևիցե, առաջիկա քաղաքական զարգացումները սարերի ետևում չեն, սպասենք, և շուտով ավելի պարզ կդառնա հետագա իրադարձությունների պատկերը: