Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա քառօրյային դիմել ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը սկսելու առաջարկով: Վերջինս ներկայումս պատրաստում է նախագիծ, որն ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն:

Փաշինյանի պնդմամբ՝ իրեն ընդդիմադիր հռչակած և ՀՀ ժողովրդի անունից հանդես եկող Եռյակն իր օրակարգում նման հարց չունի, քանի որ եռյակային ուժերի համար ավելի առաջնային է Ընտրական օրեսգրքի փոփոխության հարցը, քան նախագահի հրաժարականի հարցի օրակարգ մտցնելն ու իշխանափոխության իրական պահանջ առաջադրելը:
Հետաքրքրական է, որ ՀՀ ընդդիմադիր դաշտում նկատվում են կտրուկ վերադասավորումներ, մասնավորապես՝ միշտ արմատական ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀԱԿ-ը, որը միշտ աչքի էր ընկնում չոր ու կոշտ քայլերով և մոտեցումներով, ներկայումս ավելի մեղմ եզրույթներով է կառուցում իր փաստարկները, քանի որ գտնվում է Եռյակի կազմում: ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակը նրա վրայից հանել է արմատականի պիտակը, առավել ևս, երբ այսօր այդ եռամիության ծանրաքարշը ԲՀԿ-ն է (չմոռանանք, որ ԲՀԿ-ն գործում է ընդդիմադիր դաշտում, բայց իր մոտեցումներով այլընտրանք է):
ՀԱԿ-ի մարտավարության փոփոխությունն ունի իր քողարկված շահերը, դա ապագա խորհրդարանում որոշակի թվով մանդատներ ստանալու բաղձանքն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած հանարահավաքի ժամանակ առաջին նախագահը Եռյակի ձևաչափից դուրս գործող և առանձին գործունեություն ծավալող այլ ուժերին անվանեց մարգինալներ և պսեվդոընդդիմադիրներ: Նա նշեց, որ այդ «լուսանցքայինները կատարում են պատվերներ», իսկ նրանց ընդդիմադիր պահվածքը, ըստ Տեր-Պետրոսյանի, Եռյակի կազմը տրոհելու և սեպարատ գործողություններ հրահրելու համար է:
Նիկոլն իր այս նախաձեռնությամբ փորձում է Եռյակի ձեռքից վերցնել ընդդիմադիր բլոկի դրոշակը՝ ստանձնելով ժողովրդի շահերն ներկայացնող իրական ուժի դերակատարությունը:
Անդրադառնալով անհրաժեշտ ստորագրություններին՝ նշենք, որ, ըստ էության, հավանականությունը քիչ է, որ Փաշինյանին կհաջողվի անհրաժեշտ ստորագրությունների թիվն ապահովելը, չնայած բացառված չէ, որ Եռյակի ցուցումով որոշ ոչ իշխանական պատգամավորներ, այնուամենայնիվ, կստորագրեն այդ օրինագծի տակ:
ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներում ինտրիգը գնալով մեծանում է, հատկապես, երբ այսպես կոչված «իշխանափոխության» գործընթացին զուգադրվում է «ընդդիմափոխության» գործընթացը:
Հ.Գ. Ի միջի այլոց. «Վատատեսն ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը՝ ամեն դժվարության մեջ հնարավորություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել