Սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է և փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով: 

  Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին: 

  Սակայն ժամանակը և ստորգետնյա ջրերը հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը: Վիրահայոց Թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը»: Եվ այսօր եկեղեցին ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, տրվելով վերականգնման աշխատանքներին: 

  Տոնական միջոցառմանը վիրահայությանն ուղղված իր խոսքում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով Խաչվերաց տոնի առիթով, նաև խոսք ասաց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքները սկսվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստացած և Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած նախագծի իրականացումից, վերականգնողական և ամրացման աշխատանքներից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով, որպես վիրահայոց Թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի: 

  Հանդիսությանը ներկա բանախոսները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Միասնական Ազգային շարժումից մայրաքաղաքի Կրծանիսի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, շնորհավորելով ներկաներին տոնի և վերանորոգման մեկնարկի կապակցությամբ, կարևորեցին բազմազգ և բազմադավան Թբիլիսիի «Մեյդան» հրապարակում Սուրբ Գևորգ եկեղեցու դերը և նշանակությունը ընդգծելով, որ այս տաճարի բակում ամփոփված են ազգի լավագույն զավակների աճյունները: 

  Այնուհետև «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի և պարային համույթների և անհատ կատարողների ուժերով (համակարգող Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը և բաժանվեց ժողովրդին: 

Վիրահայոց մամլո դիվան 

Պատասխանատու Սուսաննա Խաչատրյան 


 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել