ՀՀ քաղաքական դաշտում «տաք» գործընթացները, կարծես, մնացին հետևում, և կուսակցություններն անցան դիրքային պայքարի: Այս գործելաոճի փայլուն օրինակը Եռյակում ծավալվող դեպքերն են՝ իրենց հետևանքներով:
Եռյակն օրըստօրե ենթարկվում է կառուցվածքային «լուրջ» փոփոխությունների, ավելին՝ համալրվում է:
Նախօրեին Եռյակին իր էլեկտորատային կազմով համալրելու հայտ ներկայացրեց ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանը, ի դեպ, չէր թաքցնում իր այն մոտեցումը, որ չի կիսում Եռյակի լիդերներից Տեր-Պետրոսյանի և Րաֆֆիի հայացքները, նա բացահայտ շեշտադրությամբ նշում է, որ եթե Րաֆֆին լիներ իր հայացքների ու սկզբունքների տեր մարդ, ապա իր այդ հարյուր հազարավոր ձայներն անտեր չէին մնա:
Եռյակում, որպես իր հիմնական գործընկեր, Կարապետիչը տեսնում է ԲՀԿ ղեկավարին: Նրա խոսքով՝ Ծառուկյանի հետ ունի գաղափարական ընդհանրություններ: Կարապետիչն այդ քայլերը սեփական ամբիցիաներից վեր մոտեցումներ որակեց:
Փաստորեն, Եռյակի ծանր լոկոմոտիվն ունենում է իր անձնական շոգեքարշը:
Այս խառնիճաղանջությունն, ամենայն հավանականության, կհանգեցնի Եռյակի վերջնական ֆիասկոյի, քանի որ վերջինս իր կառուցվածքագաղափարական ինտերպրիտացիայով հիշեցնում է Աստվածաշնչյան հայտնի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը, թե ինչ կատարվեց այդ հայտնի «շինհրապարակում», հայտնի է շատերին: Ընդդիրմությանն այս աշտարակաշինության հետ համեմատությունը նպատակահարմար է, քանզի ներկայումս Եռյակում էլ յուրաքանչյուրն անում է իր գործը և իր քայլերի համար պատասխանատու է անձնապես. բացակայում են համընդհանուր գաղափարներն ու ընդհանուր նպատակները:
Եռյակի քաոսային քաղաքականության «հաղթարշավը» շարունակվում է:



