
... Ի՞նչ է դասական գիրքն այժմյան հասկացողությամբ: Իմ ձեռքի տակ են Էլիոթի, Առնոլդի և Սենտ-Բյովի սահմանումները` անվիճելի, բանական ու հստակ, և ինձ համար հաճելի կլինի համաձայնել այդ նշանավոր հեղինակների հետ, չնայած ես նրանց հետ չեմ մրցելու: Ես հիմա վաթսուն ու քանի տարեկան եմ և իմ այս հասակում մտքերիս հետ ինչ-ինչ զուգադիպություններ կամ տարբերություններ գտնելն այնքան էլ կարևոր չէ, համեմատած նրա հետ, ինչը համարում եմ ճշմարիտ: Ըստ այդմ էլ կսահմանափակվեմ այդ հարցի առթիվ իմ խոհերի շարադրանքով...
Գիտակցաբար ընտրել եմ ծայրահեղ օրինակ` ընթերցանությունը, որը պահանջում է հավատ: Հիմա անցնում եմ իմ դրույթին: Դասական է համարվում այն գիրքը, որը որևէ ժողովուրդ կամ ժողովուրդների խումբ երկար ժամանակի ընթացքում որոշել են կարդալ այնպես, ինչպես նրա էջերում տիեզերքի պես ամեն ինչ մտածված է, անխուսափելի, խորը և արժանի անհաշիվ մեկնությունների: Ինչպես կարելի է ենթադրել, նմանօրինակ որոշումները փոփոխվում են: Գերմանացիների և ավստրիացիների համար «Ֆաուստը» հանճարեղ ստեղծագործություն է, ուրիշների համար` ձանձրույթի նշանավոր դրսևորումներից մեկը, ինչպես Միլտոնի երկրորդ «Դրախտը կամ Ռաբլեի գործը: Այնպիսի գրքերի, ինչպես «Հոբի գիրքը», «Աստվածային կատակերգությունը» կամ «Մակբեթը» (իսկ ինձ համար նաև մի քանի հյուսիսային սագաներ), հավանաբար սահմանված է անմահություն, բայց մենք ապագայի մասին ոչինչ չգիտենք, բացի այն, որ ներկայից տարբեր է լինելու: Ամեն մի նախընտրանք հեշտությամբ կարող է վերածվել նախապաշարմունքի...
Բանաստեղծի փառքը վերջին հաշվով կախված է ջերմությունից կամ անտարբերությունից անանուն մարդկանց սերունդների, որոնք այն փորձության են ենթարկում գրադարանների առանձնության մեջ:
Գուցե հավերժական են գրականության հարուցած հույզերը, բայց անհրաժեշտ է, որ թեկուզ տևականորեն փոքր-ինչ փոփոխվեն միջոցները, որպեսզի չկորցնեն իրենց ազդեցությունը: Այն չափով որքանով որ հասու է լինում ընթերցողը, դրանք մաշվում են: Ահա ինչու վտանգավոր է հաստատել, որ գոյություն ունեն դասական երկեր և որ դրանք դասական են մնալու հավիտյան...
Կրկնում եմ` դասականը ոչ թե այն է, որն անպատճառ ունի այս կամ այն արժանիքները, ո՛չ, այլ այն, որը տարբեր սերունդներ, որոշ պատճառների դրդմամբ, շարունակ կարդում են միշտ և նույն հափռումով ու խորհրդավոր նվիրվածությամբ: