9 տարի է, ինչ ապրում եմ ներկայիս տանը ու ամեն առավոտ գործի գնալուց՝ արդեն 9-րդ տարին, տեսնում եմ նույն պարապ մարդկանց՝ սրանից-նրանից ծխախոտ խնդրելուց, բլոտ խաղալուց ու ուրիշների հետևից բամբասելուց: Սկզբում նեղվում էի նրանց համար, հայհոյում ներկա և անցյալ իշխանություններին, որոնց պատճառով էս մարդիկ մնացել են դրսում և գործ չեն ճարում: Երբ որոշեցի արտադրամաս բացել մեզ մոտ, ուրախացած մոտեցա նրանց, գործ առաջարկեցի 6 հոգու՝ օրը մեջ հերթափոխով՝ օրական 12000 դրամ աշխատավարձով, ի զարմանս ինձ՝ ոչ ոք չհամաձայնվեց: Իսկ այդ նույն տղերքի կանայք մեր փռերում ու թխվածքի ցեխերում 1500-2000 դրամ օրավարձով աշխատում են մոտ 10 ժամ:
Ընտանիքում աշխատանքի բաժանումը ձևավորվել է հետևյալ սկզբունքով, քանի որ տղամարդն է տան հենասյունը, հետևաբար ընտանիքին կերակրելու ծանր աշխատանքը վերցրել է իր ուսերին, նա գնացել է վար անելու, ցանելու, քաղելու, ցախ բերելու, իսկ կնոջը բաժին են հասել համեմատաբար թեթև գործերը՝ տան մաքրություն, ճաշ եփել, աման լվալ և այլն: Հիմա, կյանքի որակի բարելավմանը զուգընթաց, ըստ իս, տան տղամարդը նույնպես պիտի լինի նույն կարգավիճակում, հանդիսանա օջախի հիմնական կերակրողը, դրան գումարած՝ ԳՏԱ-ին համապատասխան հեշտացնի կնոջ կյանքը, գնի լվացքի մեքենա, աման լվալու սարք, լավ սառնարան, մսաղաց, միկրոալիքային վառարան և այլն: Հարգելի կանայք, նույնիսկ կենդանական աշխարհում չաշխատող, ընտանիքին չպահող արուները դատապարտված են ոչնչացման, մեղվաընտանիքներում բոռերը մայր մեղվի հետ զուգավորվելուց հետո արտաքսվում են մեղվափեթակից՝ անաշխատունակ լինելու պատճառով: Նույն կերպ խորհուրդ կտայի վարվեիք դուք, եթե ձեր ամուսինը չի աշխատում և նույնիսկ մտքով չի անցնում գտնել աշխատանք ու թեթևացնել ձեր բեռը, ուրեմն հանեք տանից, մի՛ պահեք: Հայտնվելով փողոցում՝ գուցե կմտածեն աշխատանք գտնելու մասին, եթե չգտնեն, հաստատ էս իշխանությունների վրա գազազած՝ գոնե հեղափոխություն կանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել